16:26 , 1 հուլիս, 2013
Շաբաթավերջին Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի հասցեին հանրապետության նախագահի հնչեցրած կոշտ հայտարարությունները, ըստ վերլուծաբանների՝ վկայում են այն մասին, որ նախագահը շարունակում է վստահություն տածել բազմաթիվ քննադատությունների արժանացած կառավարության ղեկավարի հանդեպ:
Շաբաթ օրն իր մոտ տեղի ունեցած բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկմանը նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի դիտարկումներ է ներկայացրել նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ասելով, որ նրա որոշ հայտարարությունները «սխալ ու անհեռատես» է համարում:
Նախագահը, մասնավորապես, դժգոհել է Զաքարյանի այն հայտարարության համար, որ պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 միլիարդը, վտանգված է: Ըստ նախագահի՝ «դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է», և նա հաշվետվությամբ ու հայտարարությամբ հանդես գալու համար 2-3 օր ժամանակ է տվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Երկուշաբթի արդեն Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատ՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ անտրամաբանական կլիներ, եթե նախագահը չարձագանքեր այդ ամենին:
«Շատերին թվում էր, թե Սերժ Սարգսյանը կփորձի բալանսավորված հայտարարությամբ հանդես գալ, ինչը փաստորեն չեղավ, և նա բացահայտ անցավ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմը, կշտամբեց Իշխան Զաքարյանին և ցույց տվեց, որ խիստ դժգոհ է իշխող կուսակցության խմբակցության աշխատանքից Ազգային ժողովում»,- ասում է Բոզոյանը՝ հավելելով, որ սա մեկ անգամ ևս վկայում է այն հագամանքի մասին, որ նախագահ Սարգսյանն ամբողջովին պաշտպանության տակ է վերցնում վարչապետ Սարգսյանի գործողություններն ու դե ֆակտո նշում, որ վարչապետի քայլերն իր քայլերն են:
Ըստ քաղաքագետի՝ դեռևս ոչ հրապարակային քննարկումներ կլինեն, որի ընթացքում նախագահը կկշտամբի նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քանի որ նա ադեկվատ պահվածք չցուցաբերեց այդ խնդրի շուրջ:
Սակայն Բոզոյանն ասում է նաև, որ ըստ իր ենթադրությունների՝ առաջիկայում ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, բայց ոչ կառավարության մեջ:
«Ես ենթադրում եմ, որ Զաքարյանը կկորցնի իր պաշտոնը, որովհետև նա փաստորեն բացահայտ արտահայտեց մի քանի բան, ինչի մասին հանրությունը շատ լավ գիտեր, բայց ոչ ոք դրա մասին չէր խոսում: Նրա հայտարարությունն անսպասելի էր իշխանության համար, որն ավելի հակված է նման իրադարձությունները հասարակությունից կոծկելու»,- ասում է Բոզոյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «ԱրմենիաՆաուին» ասում է, որ քննադատության հիմնական սլաքն ուղղվեց հենց Վերահսկիչ պալատի նախագահի կողմը, ինչը նշանակում է, որ այդ մարմինն անկախ մարմին չէ ու ընդամենը իշխանական կառույցներից մեկն է:
«Այս խորհրդակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կառավարման համակարգն ամբողջությամբ փտած վիճակում է և հարկավոր են արմատական փոփոխություններ՝ սկսած խորհրդարանական արտահերթ ընտրություններով, վերջացրած նոր սահմանադրությամբ»,- ասում է Մարտիրոսյանը:
Գոհար Աբրահամյան