Մասիսում 32-ամյա կինը պատուհան մաքրելիս ցած է ընկել 5-րդ հարկից. նրա վիճակը ծանր է


12:59 , 23 սեպտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ․ Դ․-ն նշված տան հարսն է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: