Ինչպես հնդկուհին ամուսնացավ հայի հետ և սիրահարվեց Հայաստանին. մի կյանքի պատմություն


19:43 , 22 սեպտեմբեր, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

Ազգությամբ հնդիկ, 5 երեխաների մայր Սանթոշ Արորան սիրահարված է Հայաստանին ու չի պատրաստվում լքել այն: Արորան իրեն Հայաստանի մի մասնիկն է համարում ու վստահ է՝ 10 օրից ավել չի կարողանա օտար երկրում ապրել:

Բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս և խաղաղության դեսպան Սանթոշ Արորան Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Հայաստանում  իր կյանքի, 5 զավակներին միայնակ մեծացնելու, հայ-հնդկական հարաբերությունների ու Հայաստանին սիրահարված լինելու մասին:

«Ցանկացած հայ գնահատված է դրսում: Այստեղ դուք ձեզ կողքից չեք նայում և չեք գնահատում ձեր արժանիքները: Հայը շատ լավ ազգ է՝ բարի, գթասիրտ, կամեցող: Ես ոչ մի երկրում 10 օրից ավել չեմ կարող ապրել, որովհետև կարոտում եմ հայ ազգին: Ես դարձել եմ Հայաստանի մի մասնիկը»,-ասաց Արորան:

Տիկին Սանթոշն իր հայազգի ամուսնու հետ ծանոթացել է Լենինգրադում, երբ դեռ երկուսն էլ ուսանող էին: Այնտեղ էլ զույգն ամուսնացել է և 1987 թվականին երկու երեխաների հետ տեղափոխվել Հայաստան, որտեղ  ծնվել են Սանթոշի ևս երեք երեխաները:

Հնդիկները Հայաստանում. հնդկական սերիալներից մինչև Թաջ Մահալի լեգենդը

«Ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը, երբ ես ու ամուսինս Հնդկաստանից ուղարկված օգնություն տարանք Ղարաբաղ, այդ թվում՝ պարենամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, սակայն Հայաստանը մեծ հարկեր դրեց այդ ապրանքների վրա»,- ասաց հնդկուհին և հավելեց, որ այդ օգնությունից առաջ էլ իր ամբողջ ոսկեղենն էր նվիրաբերել Ղարաբաղին:

Այդ դեպքից հետո Արորայի ամուսինը Հայաստանից նեղացած՝  հեռացել է երկրից:

«Տարիներ անց, երբ ամուսինս հետ եկավ Հայաստան, իմացա, որ երկրորդ անգամ է ամուսնացել և երեխա ունի  այդ կնոջից: Բաժանվեցինք»,-ասաց նա:

Ինչքան էլ որ այստեղ դժվարություններ է ունեցել, միևնույնն է, մեր հերոսուհին  սիրահարված է մնացել Հայաստանին: Երբեք չի մտածել Հնդկաստան վերադառնալու կամ երկրորդ անգամ ամուսնանալու մասին:

«Ես մի անգամ եմ սիրել ու մինչ օրս էլ սիրում եմ իմ ամուսնուն, իսկ երեխաներիս արգելել եմ մտածել իրենց հոր հետ չշփվելու մասին, քանի որ ես իրենց հորս տնից չեմ բերել»,- ժպիտով ու անսահման բարությամբ ասաց Արորան:

Հնդկուհու  հինգ երեխաներն էլ՝ Հայկը, Դավիթը, Անին, Անահիտը և Ռաջնին բարձրագույն կրթություն են ստացել և ունեն կայուն աշխատանք: Հասցրել են ստեղծել սեփական ընտանիքները՝ կրկին հայերի հետ:

Ըստ Արորայի՝ հայերն ու հնդիկները շատ  նմանություններ ունեն. հյուրասիրություն, աշխատասիրություն, բարություն…

Ունեն նաև իրար շատ նման տոներ ու ավանդույթներ. հնդիկները հայկական Տրնդեզի նման տոն ունեն, որը կոչվում է Լոհրի:

Տոնի ժամանակ հնդիկները կրակ են վառում, շուրջպար բռնում, երգում: Եթե այդ օրը  սիրահար զույգեր կան, ապա տղան, ըստ ավանդույթի, կոտրում է իր ձեռքի փայտը և բարձրաձայնում իր սիրո մասին:

Իսկ հայկական Վարդավառին շատ նման է հնդկական Հոլի տոնը, որի ժամանակ մարդիկ միմյանց վրա գունավոր ջուր են լցնում: Տոնը խորհրդանշում է մաքրություն և ուրախություն: Եթե մարդիկ իրարից նեղացած են՝ տոնի ժամանակ հաշտվում են՝ միմյանց երեսին գունավոր փոշի քսելով, որը նշան է ներողամտության և զղջումի:

«Հնդիկների տան դուռը երբեք չի փակվում, շատ աշխատասեր մարդիկ են ու երբեք չեք զգա, որ իրենց տան մեջ մի բանի պակաս ունեն: Ուրախ ժողովուրդ են ու քչով բավարարվող»,-ասաց Արորան՝ բոլորին հորդորելով ավելի ներողամիտ լինել ու սիրել կյանքը, չէ՞ որ ատելությունը միայն չարիք է ծնում:

Որքան է ավելացել հնդիկների թիվը Հայաստանում, և ինչն է նրանց բերում մեր երկիր. տվյալներ

Տարեցտարի Հայաստանում ավելանում է Հնդկաստանի քաղաքացիների թիվը։ Նրանք գալիս են ուսանելու և աշխատելու նպատակով, քիչ չեն նաև բիզնես հիմնողները։

Պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականին Հայաստանում հնդիկների թիվը կազմում է ավելի քան 15,000 մարդ։