Ադրբեջանը քարոզչական հնարքներով փորձում է Հայաստանի ներսում խաղալ մարդկային զգացմունքների վրա. ԱԺ պատգամավոր


23:27 , 20 սեպտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ն սեպտեմբերի 23-ին կայանալիք Զոհրաբ Մնացականյան և Էլմար Մամեդյարով հանդիպման, Ադրբեջանում գտնվող երկու հայ գերիները ԼՂՀ-ում դատապարտված երկու դիվերսանտների հետ փոխանակելու թեմաների շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

-  Այսօր ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի կունենա Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ըստ Ձեզ՝ օրակարգում ինչ հարցեր ներառված կլինեն։

-  Կարծում եմ՝  կշարունակենք առաջ գնալ այն օրակարգով, որն ի սկզբանե հայտարարել ենք։ Այսինքն՝ որպես առաջին կետ կքննարկվի մթնոլորտի առողջացումը, որից հետո պետք է խոսենք Արցախի վերադարձի մասին բանակցային սեղան և հետո բուն գործընթացի մասին։ Այդուհանդերձ հաշվի կառնվեն   վերջին հայտարարությունները, ամառվա որոշակի զարգացումները, Ադրբեջանի կազմակերպած զորավարժությունները և նման այլ դրսևորումներ։ Կարծում եմ՝ կան թեմաներ, որոնց վերաբերյալ արտգործնախարարները հստակ քննարկում կունենան և արդեն հետագայում պարզ կլինի, թե ինչ արդյունքների է դա հանգեցնում, բայց հիմնական շեշտադրումը, իհարկե, վերաբերում է բանակցային գործընթացի շրջանակներում մթնոլորտի առողջացմանը։

-  Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարությամբ պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Ի՞նչ եք կարծում հանդիպման ժամանակ այս հարցը ևս կքննարկվի՞։

-  Կարծում եմ, որ այս խոսակցությունը նոր չէ։ Ադրբեջանը նախկինում էլ անդրադարձել է այս հարցին։ Սա, ըստ էության, շատ նուրբ հարց է։ Մի կողմից մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ դիվերսանտները, որոնք մարդասպաններ են և իրենց պատիժը կրում են Արցախի Հանրապետությունում, գտնվում են Արցախի Հանրապետության վերահսկողության, դատական համակարգի հսկողության ներքո։ Այսօր Պաշտպանության նախարարն իր հայտարարության մեջ նշեց, որ կարող են լինել քննարկումներ, բայց այդ հարցը գտնվում է Արցախի Հանրապետության  սուվերեն իրավասության տիրույթում։ Պետք է հաշվի առնել, արդյոք Ադրբեջանը պատրաստ կլինի նման հարցեր քննարկել ուղղակի Արցախի հետ, չեմ կարող ասել։ Պետք է նաև հաշվի առնենք, թե Ադրբեջանն ինչ քարոզչական հնարքներ է փորձում կիրառել այս հարցում։ Փորձում է Հայաստանի ներսում խաղալ մարդկային զգացմունքների վրա։ Ադրբեջանի նախագահը նախկինում հայտարարել էր, որ ինքն ամեն գնով հետ է բերելու այդ դիվերսանտներին, և մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չդառնան նոր Սաֆարովներ, նոր ատելության խոսք չհնչի և կրկին գործընթացը գնա այլ ուղղությամբ։ Այդուհանդերձ պետք է ուշադիր և նրբանկատ լինենք այս հարցի հետ կապված։ Ըստ էության այս հարցի բանակցող, բուն կողմը լինելու են  Արցախի Հանրապետության ներկայացուցիչները։

-  Այս պահի դրությամբ ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը։

-  Իրականում մի քանի հետաքրքիր գործընթացներ են ընթանում։ Նշեմ, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ազգայնական ընդդիմադիր ժողճակատ կուսակցությունն է ցույց կազմակերպելու հայտ ներկայացրել։ Հիմնական թեման շեշտվում է Արցախը։ Կարտոնեն իշխանություններն այդ ցույցը, թե ոչ, դժվարանում եմ այս պահին ասել, այդուհանդերձ հետաքրքիր է արդեն դրա անցկացման հայտը, որովհետև մոտ երկու տարի Ադրբեջանում մասսայական որևէ ցույց չի կազմակերպվել։ Ընդհանուր առմամբ քննարկումները տարբեր են թե՛ ներիշխանական ճամբարում են որոշակի գործընթացներ ընթանում, թե՛ հասարակական տիրույթում։ Նույն Զաքիր Հասանովի հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ և քանի որ Ադրբեջանը փակ երկիր է, բավական դժվար է գործընթացներ նկատել, բայց դրանք կան։ Նույն Արցախյան հարցում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը երկրի ներսում դժգոհությունների տեղիք է տալիս, որովհետև, ըստ էության, մարդիկ ավելի շատ սովոր են ռազմատենչ հայտարարությունների և միգուցե նաև դրան հաջորդող գործողությունների, որովհետև պետությունն ու իշխանությունը տարիներ շարունակ հենց այդպես էլ քարոզչություն են իրականացրել։