«ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր այցը Արցախը բավական կարևոր իրադարձություն կլինի». Տիգրան Աբրահամյան


21:01 , 20 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբն անցկացնելու են ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ: Զորավարժության թեման է՝ «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը»:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ում և Արցախում սպասվող մեծամասշտաբ զորավարժությունները նպատակ ունեն ոչ միայն բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, այլև պատերազմական ժամանակահատվածում պետական տարբեր կառույցների արդյունավետությունն ու գործակցությունը:

«Միայն առաջին հայացքից է թվում, որ պատերազմի ելքը կախված է բացառապես զինված ուժերի պատրաստվածության վիճակից: Պետական կառավարման համակարգի ճկունությունը, օպերատիվությունն ու իրավիճակին համահունչ գործելը հաջողության հասնելու կարևոր բանաձևերից են, առանց որի՝ զինված ուժերի գործողությունները մեծապես կտուժեն»,- նշեց նա:

Հարցին` սահմանին հարաբերական խաղաղությունն արդյո՞ք վտանգներ պարունակում է իր մեջ, Արցախում հատուկ զգոնություն կա՞ ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, Տիգրան Աբրահամյանը շեշտեց.

«Ադրբեջանի հնարավոր գործողությունները Հայաստանի ու Արցախի ուղղությամբ մեծ թվով գործոններով են պայմանավորված, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական, տնտեսական իրավիճակի, հասարակական հարաբերությունների: Քանի խնդիրը կարգավորված չէ, մշտապես էլ սահմանին այդ ռիսկերը պահպանվելու են»:

Անդրադառնալով մարտական հենակետերի վերազինմանը՝ ԱՀ նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ դրանք ժամանակի պահանջներին համահունչ անընդհատ կահավորվում և վերազինվում են, մեծ աշխատանք է տարվում՝ ինչպես զորամասերում, այնպես էլ՝ մարտական դիրքերում զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավման համար:

«Սրանք մշտական գործընթացներ են, որոնք անընդհատ տարվում են, կատարելագործվում, նոր հնարավորություններ ստեղծում մեր գլխավոր խնդրի կատարման ճանապարհին: Հաճախ անվտանգության առումով հնարավորություն չի լինում մանրամասներ ներկայացնելու գործընթացից, սակայն այդ աշխատանքներն իրենց հունով ընթանում են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կոնգրեսականների Հայաստան այցին, որի շրջանակում նրանք պատրաստվում են նաև Արցախում լինել, Աբրահամյանն ընդգծեց, որ ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր այցն Արցախը բավական կարևոր իրադարձություն կլինի:

«Վերջին տարիներին` անտեսելով ադրբեջանական սպառնալիքներն ու տարատեսակ արշավները, Արցախում արտերկրից պաշտոնական ու ոչ պաշտոնական այցերի աճ կա` քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, նահանգապետեր, քաղաքապետներ, փորձագետներ: Նրանք Արցախ են գալիս՝ հասկանալու, թե իրականում ինչ գործընթացի հետ գործ ունեն, ինչպես կարելի է համագործակցել կամ ուղղակի կանխել հնարավոր ռազմական գործողությունները:

Այսպիսի այցերը չեն կարող չողջունվել, ավելին, մենք անընդհատ աշխատում ենք, որպեսզի խրախուսենք, պայմաններ ստեղծենք նման այցերի կազմակերպման համար:

Արցախի ճանաչացման գործընթացից, երկկողմ կապեր հաստատելուց բացի, այդ այցերն օգնում են Արցախն առավել ընկալելի դարձնելու համար: Այդ այցերի արդյունքն է նաև, որ տարբեր երկրների քաղաքների ու Արցախի համայնքների միջև սերտ կապեր են հաստատվում»,- ամփոփեց Աբրահամյանը: