Դերասաններից ով կաշառեց Գոռին, ինչից էր բողոքում Արամ MP3-ը, և ով ֆիլմի նկարահանման ընթացքում կոտրեց ոտքը. կայացավ Գոռ Կիրակոսյանը «Ազնիվ գողեր» ֆիլմի պրեմիերան


13:15 , 20 սեպտեմբեր, 2019

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ դեռ անցած տարի նկարահանված «Ազնիվ գողեր» կատակերգությունն արդեն երեկ հնարավորություն ունեցավ դիտելու նաև հայ հանդիսատեսը: Ինչպես ստեղծագործական կազմն է նշում, սա popcorn movie ժանրի ֆիլմ է, որը պետք է դիտել ծիծաղելու և թեթև տրամադրությամբ դահլիճից դուրս գալու համար:

«Ֆիլմի գաղափարը ստեղծվել է 2014 թվականին, ուզում էի կրիմինալ գաղափարով գողերի մասին ֆիլմ նկարահանել: Երկար ժամանակ փորձում էի հասականալ, թե ինչ տեսակ պատմություն կարող եմ ստեղծել, գրելուց հետո ներկայացրի ընկերներիս՝ Դավիթին, Լևոնին, մի քանիսին, ովքեր մեր «Դեմք շոու»-ի կազմում են, նրանց հետ գրեցինք սցենարը: Անցած տարի եկանք Հայաստան, որտեղ էլ նկարահանեցինք ֆիլմը»,- լրագրողների հետ զրույցում պատմեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը

Ֆիլմում նկարահանվել են Արամ MP3-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը, Աշոտ Ղազարյանը: Մի քանի փաստ ֆիլմի մասին։ «Մարվել»-ի սիրահարները գիտեն, որ կոմիքսների հեղինակ Սթեն Լին իր նոր ստեղծվող ֆիլմերի դրվագներից մեկում անպայման երևում էր։ Գոռ Կիրակոսյանն էլ է իր ֆիլմում օգտագործել այս փոքրիկ հնարքը։ Արամ MP3-ն ամբողջ ֆիլմի ընթացքում սափրված էր, և կերպարի անունն էլ չէր փոխվել, իսկ Դավիթ Թովմասյանի մարմնավորած կերպարը հիշեցնում էր «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հերոսին:

«Դավիթն ու Լևոնն առաջին օրվանից ինձ հետ մասնակցել են ֆիլմի ստեղծմանը, նրանք նաև ֆիլմի պրոդյուսներներն են: Ըստ սցենարի՝ մենք ունեինք Արամ անունով կերպար, բայց երկար էինք մտածում, թե ով կարող է նրան մարմնավորել։ Արդյունքում ընտրեցինք Արամին և այդպես չփոխեցինք նրա կերպարի անունը, իսկ Ռաֆայել Երանոսյանը շատ համոզեց ինձ, որ ֆիլմում մեջ նկարահանվի»,- պատմում է Գոռը։

«Երբ Գոռն ինձ ներկայացրեց իմ կերպարը, ասաց՝ կոկիկ, մաքրասեր, բարի երիտասարդ է: Առաջին խնդիրը, որ դրվեց իմ առջև, սափրվելն էր․ դա ամենաբարդն էր: Ես մեկ ամիս սափրված էի ու սափրվում էի ամեն օր: Իսկ կերպարը բավականին բարի, համեստ, հանգիստ էր և մի քիչ չէր համապատասխանում իմ խառնվածքին: Գոռը հետո անկեղծացավ՝ ասելով, որ իմ աչքերը բարի են, դրա համար են ինձ ընտրել»,- նշում էր Արամը։

«Չգիտեմ՝ Արամն ինչու է բողոքում իր թրաշվելուց, երբ Դավիթը երկու ամիս իր հիմար բեղերով էր ման գալիս». Գոռ Կիրակոսյան

«Այդ ընթացքում Հայաստանում բոլորը իմացան, որ մենք մեքսիկ ընկեր ունենք, ով մեզ հետ ամեն տեղ ման էր գալիս». Արամ

«Երբ Գոռն ինձ ուղարկեց սցենարը, ասաց՝ կարդա և ասա՝ որ դերն ես հավանում: Գոռն ինձ դեռ չէր ասել՝ որ կերպարում եմ խաղալու, բայց ես արդեն զգում էի: Հետո մի հարց տվեց․ «Դու մեխանիկական մեքենա կարողանո՞ւմ ես քշել», ասացի՝ հա, ո՞նց չէ: Բայց երևի պետք է չասեի, որ կարողանում եմ, որովհետև շտապ օգնության մեքենայի մեջ սովետական տարիներից այս կողմ ոչինչ չէր աշխատում»,- դժվարությունների մասին կատակով պատմում է Ռաֆայել Երանոսյանը։

«Շատերդ տեսել եք իմ կերպարները Գոռի ֆիլմերում, շատ փոփոխություն չկա, փորձում եմ նույնը խաղալ, որպեսզի շատ չտանջվեմ: Միամիտ կերպար է, ընկերասեր և հավատում է ամեն ինչին»,- նշում է Դավիթը։

Արմենն էլ խոստովանեց, որ դերն իրեն տվել են միայն նրա համար, որ տղաներից միակն էր, ով ավարտել է Թատերական ինստիտուտը. «Կերպարս էլ մի քիչ անիմաստ էր, ո՛չ փող կար մեջը, ո՛չ առաջխաղացում: Ես խաղացել եմ ինձ, իսկ դերի համար էլ բարեխոսել է Ռաֆայել Երանոսյանը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ այս կերպարը փոքրիկ դրվագում խաղացել է Գոռի ֆիլմերից մեկում. «Անկեղծ ասած՝ ես Վարդանի կերպարը չէի հավանում, որովհետև կերպարներից ամենապասիվն է, բայց Գոռն ինձ ասաց․ «Քեզ այնպիսի կերպար եմ տալիս, որն ամբողջ ֆիլմում պետք է լինի նրանց ընկերը ու վերջում ուրիշ մարդ դուրս գա»:

Գոռը նշում է, որ դերասաններին չի թողնում իմպրովիզներ անել, քանի որ համարում է, որ դերասանը պետք է լավ սովորած լինի սցենարը, բայց ամեն դեպքում մեկ-երկուսը եղել են. «Երբ Մեգգին ասում է․ «Լավ էլ երգում ես, գնա «Եվրատեսիլ»», այդ պահին ես Գոռին խնդրեցի, որ թույլ տա նայեմ տեսախցիկին և փոխեմ դեմքիս միմիկան»,-պատմում է Արամը, Գոռն էլ ավելացնում է, որ այդ կատակը հայ հանդիսատեսի կողմից դրական է ընդունվել. «Եթե ուշադիր լինեք, մենք կոտրում ենք չորրորդ պատը, երբ Արամի կերպարը նայում է ուղիղ հանդիսատեսին, այսինքն՝ դա կանոններից դուրս է շատ ժամանակ, բայց այնքան լավն էր, որ թույլ տվեցի՝ այդ դրվագը մնա»:

Ֆիլմի նկարահանումները եղել են թավշյա հեղափոխության ժամանակ, և ռեժիսորը նշում է, որ բավականին բարդ են եղել. «Փողոցները փակ էին, ոչ մի տեղ չէինք կարողանում գնալ: Առանց միջադեպերի էլ չի եղել: Տեսարաններից մեկում փողոցում բաց դիտահոր կար, գլխավոր հերոսներն էլ անընդահատ գոռում են, որ տարածքում խաղացող երեխաներն ուշադիր լինեն: Մեր օպերատորն ինքն էր միշտ փորձում ապահովագրել բոլորին, իսկ արդյունքում նա հայտնվեց դիտահորի մեջ: Նա վնասել էր ոտքը, շտապ հասցրինք հիվանդանոց և արդեն մտածում էինք՝ մեծ խնդիրների մեջ ենք հայտնվելու, քանի որ ԱՄՆ-ում ահագին գումար կարող էինք ծախսել բուժման համար, իսկ այստեղ 5000 դրամով սահմանափակվեցինք»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Aramio Pazzio-ի