Եթե վարչապետի խոսնակը հայտարարում է ադրբեջանցի հանցագործների հարցի քննարկման մասին, արդյոք այդ թեման քննարկվե՞լ է Արցախի հետ


11:43 , 20 սեպտեմբեր, 2019

Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, իսկ հայկական կողմը մինչև այժմ մերժում է այդ առաջարկը: Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում այդ խնդրին է անդրադարձել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, թե իրենք տեղյակ են և քննարկում են այդ հարցը:

Այստեղ հիմնական հարցը նրանում է, թե արդյոք քննարկելու թեմա է ադրբեջանցի երկու դիվերսանտների փոխանակումը, քանի որ նրանք գերու կարգավիճակ չունեն, ինչքան էլ որ Բաքուն ուզում է նրանց գերու կարգավիճակ տալ: Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը նախևառաջ հանցագործներ են, ովքեր ոչ միայն ապօրինի ներխուժել են Արցախի տարածք, այլև հետախուզական գործունեությամբ են զբաղվել և մարդասպանություն են կատարել:

Եթե վարչապետի խոսնակը այդքան վստահ հայտարարում է ադրբեջանցի հանցագործների հարցի քննարկման մասին, արդյոք այդ թեման քննարկվե՞լ է Արցախի հետ, քանի որ այդ գտնվում է Արցախի անմիջական տիրույթում և հենց Արցախի դատարանն է դիվերսանտներին դատապարտել երկարաժամկետ բանտարկության: