Ամուլսարի խնդիրը պետական կառավարման ոչ ներառական համակարգի արդյունք է


18:42 , 19 սեպտեմբեր, 2019

Ամուլսարի խնդիրը, բացի բնապահպանական խնդիր լինելուց, ավելի խոր արմատներ ունի և առաջին հերթին արդյունք է պետական ինստիտուցիոնալ կառավարման համակարգի անկատարության և ոչ ներառական բնույթի։ Թե ինչու է դա այդպես, անդրադառնանք ոչ այդքան վաղ անցյալում տեղ գտած զարգացումներին։ Նախևառաջ՝ պետք է փաստել, որ անկախացումից ի վեր Հայաստանում չարմատավորվեց իրական ժողովրդավարական իշխանություն՝ հասարակության լայն խավերին ներգրավելու երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերի կայացման գործընթացին ակտիվ մասնակցության գործում։ Արդյունքում ձևավորվեց, իսկ ավելի շուտ վերարտադրվեց նախկին Խորհրդային միությանը բնորոշ պետական կառավարման ոչ ներառական և կորզող քաղաքական համակարգը՝ չնայած անկախ Հայաստանում ժողովրդավարական և սոցիալական արժեքների հռչակմանը։ Թերևս միակ տարբերությունն այն էր, որ նախկին պետական սեփականությունը փոխարինվեց մասնավոր սեփականությամբ։

Նորանկախ Հայաստանի իշխանությունները, չունենալով տնտեսության զարգացման հստակ տեսլական, շատ արագ կերպով իրականացրին պետական գույքի մասնավորեցում, ինչի հետևանքով չնչին գումարներով փոշիացվեցին խորհրդային պետությունից ժառանգած հարուստ արտադրական հզորությունները։ Հաջորդ քայլը հողն ու բնական ռեսուրսներն էին։ Նմանօրինակ քաղաքականությունը բնորոշ է էքստրակտիվ քաղաքական կառավարման համակարգեր ունեցող երկրներին։ Համաձայն ինստիտուցիոնալ տեսության՝ նման կառավարման համակարգը հիմնվում է տարբեր ռեսուրսներից և ակտիվներից ռենտաների ստացման վրա, որը բաշխվում է իշխանական շրջանակներին մոտ կանգնած սահմանափակ թվով անձանց միջև։ Այդ ակտիվների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ընդերքից արդյունահանվող բնական ռեսուրսները։ Բնականաբար, Հայաստանը չունի դրանց այնպիսի պաշարներ, որպեսզի տնտեսության երկարաժամկետ զարգացումը հիմնվի վերջիններիս լայնածավալ արդյունահանման վրա։ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ կամ Քաթար չէ, որտեղ, չնայած պետական կառավարման էքստրակտիվ համակարգերին, նավթի վաճառքից ստացվող հսկայածավալ ռեսուրսներն ապահովում են նաև շարքային քաղաքացիների համար որոշակի բարեկեցության մակարդակ։

Տնտեսության կառավարման ամենամեծ սխալը հանդիսացավ այն, որ պետական կառավարման ոչ ներառական ու անհեռատես քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսության զարգացումը կապվեց հանքարդյունաբերության խթանման հետ՝ ի հաշիվ տնտեսության այլ ոլորտների, մասնավորապես՝ զբոսաշրջության։

Բնականաբար, պետական էքստրակտիվ կառավարման համակարգի առկայության պայմաններում ևս հնարավոր է ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր, որը, սակայն, երկարաժամկետ բնույթ չի կարող ունենալ, քանի որ մեծապես կախված է հանքանյութերի համաշխարհային գների մակարդակից։ Ավելին՝ այդ ռեսուրսներն ի վերջո սպառվելու են, սակայն անդառնալի հետևանքներ են ունենալու։ Մեկ այլ կարևոր, մտահոգիչ խնդիր է նաև այն, որ տվյալ դեպքում տնտեսության մեջ ձևավորված հավելյալ արդյունքի հիմնական մասը բաշխվում է իշխող համակարգի և նրան մոտ կանգնած գործարար շրջանակների միջև, ինչն ավելի է խորացնում սոցիալական անարդարությունը՝ զսպելով հասարակության անդամների տնտեսական նախաձեռնողականությունն ու ակտիվությունը։ Սա ակնհայտորեն մեր պետության հսմար հանգեցնում է մեծ կորուստների՝ բնական միջավայրի ոչնչացման, ազգաբնակչության առողջության խաթարման և տնտեսության ասիմետրիկ զարգացման (եթե, իհարկե, դա զարգացում կարող է համարվել)։ Պետության կողմից նման քաղաքականության շարունակումը վաղ թե ուշ հանգեցնելու է Հայաստանի համար անդառնալի կորուստների։ Բնականաբար, միանգամից բոլոր հանքերի փակումը Հայաստանի համար ներկա իրավիճակում անիրագործելի է, քանի որ դա կխաթարի տնտեսության բնականոն գործունեությունը, սակայն կարելի է առնվազն խուսափել նոր հանքերի շահագործումից։ Ամուլսարի դեպքում, երբ այն գտնվում է զբոսաշրջային կարևորագույն տարածաշրջաններից մեկում և միագամայն առկա են լուրջ հիմքեր՝ ենթադրելու բնության վրա դրա վնասակար ազդեցությունների մասին։ Վերջինիս շահագործման կասեցումը կարևոր օրակարգային խնդիր է։ Սա՝ որպես մարտավարական քայլ։

Ինչ վերաբերում է ռազմավարական քայլերին, ապա նախևառաջ անհրաժեշտ է փոխել պետական կառավարման բնույթը՝ էքստրակտիվ համակարգից անցում կատարելով ներառական համակարգի, քանի որ, ինչպես պատմական փորձն է վկայում, առանց քաղաքական համակարգի ներառականության ապահովման գործնականում անհնար է ապահովել տնտեսության ներառականություն։