«Դերասաններից շատերն իրենց պատվից ցածր են համարում քասթինգների գնալը»․ Ելենա Բորիսնեկոն՝ իր պահանջները մեղմացնելու և Հայաստանում կինոարտադրության մասին (Photo)


15:15 , 19 սեպտեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն այս փուլում հեռուստադիտողներին ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստանովելի շրջանակում։ Ըստ դերասանուհու` չնայած նախագծում իր դերը կենտրոնականներից չէ, ռեժիսոր Գարրի Զաքարյանի և նախագծի թիմի մյուս անդամների հետ պրոֆեսիոնալ համագործակցության շնորհիվ կարողացել են առավելագույնս ընդգծել կերպարը։  

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ներկայիս զբաղվածության, հեռուստատեսային դաշտի և իր առաջարկների քանակից գոհ լինելու մասին։

««Թղթե երազանք»-ի շրջանակում շատ հաջող համագործակցություն եմ ունեցել։  Իր տեսակի մեջ հետաքրքիր, ինչ-որ չափով լուռ կերպար է, որին, ըստ ռեժիսորի, պետք է մարմնավորեր ամուր բնավորությամբ դերասանուհի՝ մեկը, ով կկարողանար այդ կերպարին տալ հետաքրքիր տեսակ: Այն մոր և ընտանիքի կնոջ դեր է, որն ամեն կերպ փորձում է հարթել աղջկա և հոր կոնֆլիկտը։ Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ, չկան վատ դերեր, կան վատ դերասաններ։ Այս նախագիծը, որպես հեռուստատեսային արտադրանք, կայացել է։ Այստեղ ներգրավված են Գյումրու թատրոնի լավ դերասաններ, ինչն ինձ համար ևս շատ կարևոր է։ Հետաքրքիր կերպով հեռուստադիտողին հասնում է այն միտքը, որ այսօր էլ կան մարդիկ, որոնց մոտ կա գլխին տանիք չունենալու խնդիրը»,- նշեց դերասանուհին։

Անդրադառնալով ներկայիս հեռուստատեսային արտադրանքներին՝ Ելենան նշեց, որ սերիալ և կինո նկարահանելու տարբերությունները մեծ են։   «Մեր հեռուստատեսային դաշտում ամեն ինչ շատ բարդ է՝ սկսած ինստագրամյան մտածելակերպից։ Ասում են, գիտեք, այսինչ մարդն Ինստագրամում շատ  հետևորդներ ունի, հիմա թոփ դեմք է, եկեք իրեն նկարենք ու նկարում են, բայց սերիալը չի ունենում այն վարկանիշը, որն ակնկալել են։  Իրականում, բացի սոցցանցային վարկանիշ ունեցող մարդուն նկարելը, կարևոր է այն պատմությունը, որը պատմում են, ձևը, որով ներկայացնում են այդ պատմությունը։ Իհարկե, չեմ բացառում, որ շատ հեռուստասերիալներ նկարահանվում են «օճառային օպերայի» մակարդակով և, արի ու տես, ունենում են բարձր վարկանիշ։ Սա արդեն խոսում է հեռուստադիտողների մտածելակերպի ու նախասիրությունների մասին։ Ստացվում է, որ դու իրենց չես կարող ստիպել ավելի որակյալ մի բան նայել։ «Թղթե երազանք» նախագիծը, բնականաբար, այլ որակ է, որը թիմն առաջարկել է հեռուստադիտողներին, ունի բարձր վարկանիշ, ինչը հուսադրող է՝ ամեն ինչ կորած չէ»,- ասաց Ելենան։

Դերասանուհին նշեց, որ հեռուստատեսային նախագիծը կայանում է, երբ ստացվում է դերասան-ռեժիսորհամագործակցությունը։ Ըստ Ելենայի՝ առ այսօր, հիմնականում, լավ թիմերի ու լավ ռեժիսորների հետ է աշխատել, սակայն իր աչքից չի վրիպել փաստը, որ Հայաստանում ռեժիսորները, երբեմն, իրենց տեղում չեն լինում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ