Ըստ պատմաբանների՝ հնագույն հայերը ազնիվ էին, հպարտ ու պայքարող. արդյոք այս հատկանիշները մենք ժառանգե՞լ ենք մեր նախնիներից


22:45 , 19 սեպտեմբեր, 2019

Անտիկ հայերը եղել են ազնիվ, հպարտ և պայքարող ժողովուրդ, որն ամեն ինչից վեր համարում էր իր հայրենիքի պաշտպանությունն ու պետության անկախությունը: Հայկական հեթանոսական պանթեոնի հնագույն աստվածները, ֆիզիկական աննկարագրելի ուժ ու «աստվածային շնորհներ» ունենալով, ծնվելուց հետո շտապում էին պաշտպանել հայրենիքը:

Վահագնը՝ հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն, օրինակ, ծնվելով երկնքի, հողի, ջրի ու կրակի միաձուլումից, միանգամից շտապել է օտարազգիներից իր երկիրը պաշտպանելու.

«Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք»:

Դատելով մեզ հասած անտիկ առասպելներից, ասույթներից ու երգերից՝ հայերը, ինչպես և մյուս ազգերը, իրենց աստվածներին մարդկային հատկանիշներով են օժտել: Սակայն հայկական հեթանոսական պանթեոնում, ի տարբերություն այլ ազգերի պանթեոններից, բացակայում էին բացասական կերպարներ հանդիսացող աստվածները:

Ինչպես իգական, այնպես էլ արական սեռի աստվածներն այնպիսի հատկանիշներ ունեին, որոնք «կզարդարեին» հասարակ մահկանացուներին:  

Այսպես՝ հայ հնագույն ժողովորդի պատկերացումներով՝ կանանց գեղեցկության հիմքում դրված են համեստությունն ու ամոթխածությունը: Աստղիկ աստվածուհին, օրինակ, չնայած իր աստվածային անհասանելիությանը, Արածանի գետում ամեն օր լողալիս տարածքը պատում էր խիտ մշուշով, որպեսզի իրեն չնկատեն հովիվները: Համաձայն հենց այս առասպելի էլ առաջացել է տեղանքի անվանումը՝ Մուշ:

Հայ ժողովուրդը տների օջախները սրբավայրեր էր համարում: Եվ բանը միայն այն չէ, որ հայկական հեթանոսական պանթեոնում իր տեղն էր գտել ընտանեկան օջախի աստվածուհին՝ Նանեն: Ընդհակառակը, Նանե աստվածուհու առկայությունն է արտացոլումն այն բանի, որ հայերը մեծ հարգանք ու սեր են ունեցել ընտանիքի նկատմամբ:

Ընտանիքները Հայաստանում մեծ էին, հայրիշխանական և ամբողջությամբ կազմում էին պետության սոցիալական և քաղաքական կառուցվածքի մանրակերտը: Այսպես՝ անձի վերաբերմունքն ընտանիքին նույնն էր, ինչ պետությանը:

Ազգային առասպելը, որը հասել է մեզ հնագույն ժամանակներից, պատմում է Արա Գեղեցիկ արքայի մասին, ով հանուն ընտանիքում հավատարմության պահպանման հրաժարվել է սիրային կապ հաստատել Շամիրամի հետ և պատերազմի է անցել հզոր Ասորեստանի դեմ:

Իսկ Արտավազդ արքան գերության մեջ է հայտնվել եգիպտական Կլեոպատրա թագուհու մոտ և մերժել է նրա սերը: Հրաժարվելով դավաճանել ընտանիքին ու հայրենիքին և դառնալ թագուհու սիրեկանը՝ Արտավազդը նախընտրել է մահը:

Հնագույն հայերը ազնիվ ու հյուրընկալ ժողովուրդ էին, ինչը գալիս է սեփական արժանիքների ու ուժի գիտակցումից: Մ.թ.ա. V դարի հույն պատմաբան Քսենոփոնը ականատեսն է եղել հունական տասնյակհազարավոր զորքի նահանջին Հայաստանից դեպի Սև ծով, որն էլ նկարագրել է իր հայտնի «Անաբասիսում»:

Ըստ պատմաբանի խոսքերի՝ հույները հայերի մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ անասուններ, հաց, բուրավետ գինի, վարդագույն յուղ, չամիչ, պտուղներ: Շատ էր նաև խմորված ըմպելիքը, որը նման էր գարեջրի: Հայերը հույներին բարեհամբույր կերպով էին ընդունում, օգնում, ճանապարհ ցույց տալիս: Նրանք բարձր էին գնահատում հյուրընկալությունը, ինչի մասին վկայում է այն, որ Ամանորի՝ առաջին բերքի և Նոր տարվա աստծու անուններից մեկը Վանատուր էր, ինչը թարգմանվում է որպես հյուրընկալ:

Ականատես Քսենոփոնի վկայությունները չափազանց հետաքրքիր են: Նա հայերին նկարագրում է որպես հպարտ անձանց, որոնց մտքով անգամ չի անցնում հարձակվել նահանջողների վրա, որպիսի դեպքեր նախկինում հաճախ էին պատահում: Սակայն հույները Հայաստանում ոչ միայն հյուրընկալություն գտան, այլ նաև անվտանգություն: Նման հյուրընկալությունը հնարավոր էր միայն այնպիսի երկրում, որի բնակչությունը չէր վախենում արտաքին ագրեսիայից և ազգային ժողովրդավարական ավանդույթներով էր դաստիարակված:

Ուշադրություն է հարկավոր դարձնել նաև այն փաստի վրա, որ, համաձայն կրկին Քսենոփոնի, հայկական գյուղերի գլխին կանգնած էր լինում տեղի բնակիչների կողմից ընտրված ավագ անդամը:

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանում չկային բացասական կերպարներ: Պարզապես նրանք իրենց ազգակիցների կողմից պատժվում էին այլ կերպ՝ հասարակական պարսավանքի և արհամարհանքի միջոցով:

Պատահական չէ, որ հայերն իրենց համարում էին արևի որդիներ, և ընդհուպ մինչև XII դարը հենց այդպես էլ իրենց անվանում էին՝ «արևորդիներ»: