Անձնիշխանական համակարգը պահելու համար Փաշինյանը գնում է իրավիճակային լուծումների. քաղտեխնոլոգ


20:34 , 18 սեպտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

«Ոստիկանապետը գուցե չի ցանկացել դաժան ուժ կիրառել Ամուլսարը բացելու համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականին, ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Արմեն Բադալյանի խոսքով, տեսնում ենք, որ վարչապետն ամեն գնով ցանկանում է բացել Ամուլսարը, որը ԱՄՆ-ին կներկայացնի որպես օրակարգային հարց, քանի որ հայ-ամերիկյան օրակարգ որպես այդպիսին, գոյություն չունի։ «Միակ քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող հարցը, ըստ վարչապետի, կարող է լինել Ամուլսարը, որը փակ է»,-նշեց քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք, նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին, ինչից հետո նա նշանակվեց վարչապետի խորհրդական։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: ՀՀ ոստիկանապետի պարտականությունների կատարումը դրվել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանի ուսերին։ Իսկ մինչ այս, նախօրեի երեկոյան, մամուլը գրեց, որ Անվտանգության խորհրդի նիստը թեժ է անցել, Փաշինյանը խոսել է Ամուլսարը բացելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Օսիպյանը նրան փորձել է ներկայացնել դա ուժով անելու ռիսկերը։

Ըստ քաղտեխնոլոգի հեղափոխական ժամանակահատվածն անցել է եւ այժմ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է 100 տոկոսանոց վստահելի մեկը, որը կկատարի իր հանձնարարություններն ու կղեկավարի այս կառույցը։ Հենց այս համատեքստում է քաղտեխնոլոգը դիտարկում օրենսդրական այն փոփոխությունը, որով նախատեսվում է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքականացնել։

«Դա տեղավորվում է բազմիցս իմ կողմից նշված անձնիշխանական համակարգի ձեւավորման գործընթացում։ Եթե այդ պաշտոնները քաղաքականացնելու ցանկություն կար, ամենակարճ ճանապարհը ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելն էր, բայց այդ դեպքում նախարարությունը պետք է հաշվետու լիներ նաեւ ԱԺ-ին, իսկ վարչապետի անձնիշխան համակարգը չի ենթադրում հաշվետվություն ԱԺ-ին, այն ենթադրում է հաշվետվություն՝վ միայն իրեն»,-շեշտել է նա՝ հավելելով, որ այս փոփոխությունը ամբողջությամբ հակասում է անցած գարնանը վարչապետի թիմի այն հայտարարություններին թե չի կարելի այս պաշտոնները քաղաքականացնել, ինչը, ըստ քաղտեխնոլոգի, նշանակում է, որ Փաշինյանը գնում է իրավիճակային լուծումների։

Հիշեցնենք, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ինչ վերաբերվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքին, ըստ քաղտեխնոլոգի, հիմա այնպիսի ժամանակներ են, որ պատահական ոչինչ տեղի չի ունենում։ «Իշխանությունները հաջողություններ չունեն որեւէ բնագավառում եւ դա է պատճառը, որ գուցե փորձ է արվում նախորդ տարվա «մասկի շոու»-ի լայց տարբերակն իրականացնել եւ դրանով փորձել դիվիդենտներ շահել։ Ես չեմ պնդում, որ նա սուրբ է, բայց քանի որ հիմա սկսվել են ոչ թե օրինական, այլ քաղաքական դատական գործընթացներ, դժվար է ասել, թե իրական պատճառը որն է»,-նշեց Արմեն Բադալյանը։