12:34 , 1 հուլիս, 2013
Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմայով Նախագահի հրավիրած խորհրդակցությունը հստակորեն ի ցույց է դնում պետական համակարգում առկա կնճիռները:
Եվ եթե խորհրդակցության ժամանակ Նախագահը ուղիղ տեքստով խոսեց միայն Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահի քաղաքական հայտարարությունների, գնահատականների մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ գործելաոճը հատուկ է միայն ՎՊ-ին:
Ընդ որում՝ իրավիճակն առավել վտանգավոր է դառնում, երբ քաղաքական նրբերանգներ պարունակող հայտարարությունները հնչում է պետական համակարգում որոշակի շահեր հետապնդող ու ազդեցություն ունեցող ուժերի ուղղորդմամբ:
Իրականում առավել արդյունավետ կլինի, եթե ՎՊ-ն ոչ միայն ներկայացնի յուրաքանչյուր տարվա ուսումնասիրությունների արդյունքները, այլ համեմատության մեջ վերլուծի վերջին տարիներին գրանցված թերություններն ու բացթողումները: Ընդ որում՝ սա շատ կարևոր է ոչ այն տեսանկյունից, որ տեսանելի լինեն համակարգում առկա միտումները, այլ որպեսզի հնարավոր լինի գնահատել յուրաքանչյուր պետական մարմնի շահագրգռվածությունը արձանագրվող խնդիրների վերացման հարցում:
Ինչևէ, առաջին հայացքից թվում է, թե այս ողջ պատմության միակ «սև կետը» ՎՊ-ն ու դրա գործունեությունն է, սակայն խորհրդակցության ժամանակ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հարցադրումները ցույց են տալիս, որ նման խնդիրներ առկա են նաև պետական այլ մարմիններում՝ մի փոքր այլ երանգավորմամբ:
Որքան էլ խոսենք ՎՊ-ի աշխատաոճի ու դրանում տեղ գտած թերությունների մասին, այնուամենայնիվ հարկ է նշել, որ պետական հակամարգում գրանցվող չարաշահումների հարցում մեղքի իրենց հսկայական բաժինն ունեն այն մարմինները, որոնք հենց միայն ՎՊ հայտարարությունների հիման վրա պարտավոր են անհրաժեշտ գործընթացներ սկսել: Եվ այս դեպքում, ամենևին էլ կապ չունի, թե արդյոք ՎՊ դիմե՞լ է ոստիկանություն կամ դատխազություն՝ գործին ընթացք տալու համար:
ՎՊ հաշվետվությունն ինքնին կարելի է ընդունել որպես հրապարակային հաղորդում հանցագործության մասին, սակայն, որպես կանոն, հասարակությունը տարիներ ի վեր, որոշակի բացառություններով, ականատես է լինում միայն տարբեր չինովնիկների պաշտոնազրկման, լավագույն դեպքում՝ առավել մանր տրամաչափի ներկայացուցիչների ձերբակալման:
Պետական կառավարման համակարգում առկա խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ վերահսկողություն սահմանելու համար նախևառաջ անհրաժեշտ է ոչ միայն համակարգըն մաքրել «վնասատուներից», այլև արմատական բարեփոխումների գնալ:արմատական