Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել. մաս 2


12:12 , 18 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը հրապարակում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածաշարի երկրորդ մասը, որում հեղինակն անդրադառնում է արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ, ըստ նրա, անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։ Հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կցանկանայի առանձին անդրադառնալ  արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։

2000-ական թվականների սկզբում հիմնականում Ռուսաստանի օգտին կայացված ընտրության պայմաններում հաջողվեց Արևմուտքի հետ հարաբերություններում ճիշտ հավասարակշռում գտնել։ Դրա համար անհրաժեշտ էր առանց հուզականության, ռացիոնալ և ի նպաստ սեփական ազգային անվտանգության, հաշվի առնել տարածաշրջանում բոլոր դերակատարների շահերը և կառուցել սեփական անվտանգությունը` ներքին ու արտաքին։ Եվրոպական կառույցներն ու Միացյալ Նահանգները փաստացի 2001-ից եղել են ներքին բարեփոխումների գործընկեր, և ընդհանուր բալանսի քաղաքականության մեջ Մոսկվան սա ընդունել է իբրեւ փաստ։

Հավասարակշռության ու փոխվստահելի հարաբերությունների միջավայրում մենք հաջողեցինք մի շարք ուղղություններով.

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վստահելի հարաբերությունների հիման վրա այդ հավասարակշռությունը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, շփման գծում երաշխավորել խաղաղություն և հանգստություն, սահմանափակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ և այլն։ 

Նրանց համար, ովքեր չեն հիշում կամ չգիտեն, ասեմ, որ 2000-ականների սկզբներին ղարաբաղյան բանակցություններում հիմնական առաջամարտիկի  դերը ստանձնել էր Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Ժակ Շիրակի։ Նա կարողացավ այնպես կազմակերպել գործընթացը, որ բանակցային գործընթացը չառաջացրեց խանդ ոչ միայն մյուս համանախագահների մոտ, այլև՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Իրանի։ Իսկ այսօրվա խաղաղասիրական նախաձեռնությունների հեղինակներին հիշեցնեմ, որ հենց այդ փուլում էին ամենաակտիվ շփումները և այցերը Հայաստանի և Ադրբեջանի տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։

Հաջողության բանաձևը պարզ էր և հստակ. հիմնական գործընկերները վստահում են միմյանց և մեկը մյուսի համար հատուկ խնդիրներ չեն ստեղծում։ Առկա էր հարաբերությունների այնպիսի համակարգ, երբ օբյեկտիվ գործոնները բավականին արդյունավետորեն փոխլրացվում էին սուբյեկտիվ գործոններով։

Իրերի այսպիսի դրությունը արդեն այսօր կարելի է բացատրել նաև այն բանով, որ միևնույն պատմական ժամանակահատվածում, գրեթե համաժամանակյա, մեր երկրներում սկսեցին ձևավորվել նոր վերնախավեր, մարդկանց նոր թիմեր, որոնց կոչումն էր՝ իրականացնել ոչ միայն իրենց պետությունների զարգացման և ամրացման առաքելությունը, այլ՝ որակապես նոր ու փոխադարձ օգտակար միջպետական հարաբերությունների կառուցումը։ Վերնախավեր, որոնք բաց էին աշխարհի հետ երկխոսության և գործողությունների համար։ Եվ այս կոորդինատային համակարգում շատ կարևոր է, որ հարաբերությունների որոշակի «քիմիա» լինի ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև նրանց թիմերի միջև։ Առանց դրա կարող են լինել միայն օգտակար և գործընկերային, բայց ոչ երբեք՝ փոխվստահություն պարունակող հարաբերություններ։ Դրանք հաղորդակցության տարբեր ուղիներ և մակարդակներ են՝ տեղեկատվության փոխանակում, ակտուալ հարցերի և նախագծերի քննարկում, դիրքորոշումների ճշգրտում, ինտենսիվ փոխադարձ այցեր։ Այս ամենը ձևավորում է անտեսանելի, բայց շատ կարևոր մթնոլորտ՝ փոխըմբռնման ու փոխվստահության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ