ԱՄՆ-ը գաղտնալսել է 38 պետությունների դիվանագետների


11:37 , 1 հուլիս, 2013

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է 38 դեսպանատների եւ դիվանագիտական առաքելությունների, այդ թվում, ՆԱՏՕ-ի իր դաշնակիների՝ Ֆրանսիայի եւ Իտալիայի դիվանագետներին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին: Թերթը փաստաթղթերը ստացել է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենից, ով ավելի վաղ տվյալներ էր բացահայտել ողջ աշխարհում ինտերնետից օգտվողներին հետեւելու վերաբերյալ:

Հատուկ ծառայությունների աշխատակիցները սարքավորումների օգնությամբ մտել են հեռախոսագծեր, ինչպես նաեւ հատուկ ալեհավաքի շնորհիվ լսել են դիվանագետների խոսակցությունները:

Գաղտնալսված երկրների թվում են Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Թուրքիան եւ այլն:

Հունիսի 29-ին էլ գերմանական Շպիգելը գրել էր, որ ամերիկացիները գաղտնալսել են Վաշինգտոնում եւ Նյու Յորքում Եվրամիության ներկայացուցչությունները, կոտրել են նրանց համակարգչային ցանցերը: