13:10 , 1 հուլիս, 2013Սյունիքում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի հետ կապված այս անգամ հանրային մեծ արձագանք չեղավ: Չեղավ մի քանի պատճառով. հետընտրական ծանր շրջան էր ու հանրային, քաղաքական շատ ռեսուրսներ ուղղակի սպառվել էին: Հանրային ակտիվություն ապահովող հիմնական ռեսուրսներից մեկը ՝ ՀԿ սեկտորն ու ֆեյսբուքյան ակտիվը ևս հոգնել էր, որովհետև մեծ ջանքեր պահանջող ակտիվություն էր դրսևորել նախագահական ընտրություններից առաջ ու հետո: Բացի այդ, Սյունիքի աշխարհագրական հեռավորությունը չէր ընձեռում նույն ակտիվության հնարավորությունները, ինչ Երևանում:
Բայց եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը կայացվեց ավելի արագ ու հեշտ, Սյունիքի մարզպետի խնդիրը ձգձգվում էր: Իհարկե, պատճառներից մեկը հանրային ճնշման չափաբաժինն էր, որը Հարսնաքարի դեպքում աննախադեպ էր: Բայց մյուս պատճառը նաև իշխանական համակարգի տրամաբանությունն էր: Մարզերի հետ կապված երկար ժամանակ այլ քաղաքական մոտեցում է գործել, ու Լիսկայի հանդեպ քաղաքական վերաբերմունքն այս դեպքում, ու ընդհանրապես նախորդ անգամներում, կառուցվել է նույն տրամաբանությամբ:
Երբ տեղի ունեցավ աղմկահարույց դեպքը, մամուլում սկսեցին շրջանառվել տեղեկություններ, որտեղ հստակ երևում էր, որ Լիսկան նոր գործիչ չէ Սյունիքում, ու Երևանից լեգիտիմություն ստացել է դեռևս 90-ականների սկզբից: Ինչու՞ է այդպես ստացվել: Իհարկե, միայն իշխանությունների «չարությամբ» դա մեկնաբանել հարավոր չէ: Ի՞նչն է եղել Լիսկայի հաջողության գաղտնիքը: Քաղաքական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պայմաններում կառավարման մոդելը հիմնվում է հեղինակության եւ ուժի վրա: Խնդիրը նաև այն է, որ լինելով հեռու, Սյունիքն ուղիղ կառավարման դժվար է ենթարկել: Մոտավորապես նույն իրավիճակը եղել է Գյումրիում: Սակայն, բացի բուն քաղաքական համակարգի տրամաբությունից, կա մեկ այլ ՝ ավելի ուժեղ լեգիտիմության գործոն: Տեղերում հանրության կողմերից տրվող քաղաքական պատվերը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով ձևավորում էր նման իրավիճակ:
Խնդիրն ունի երկու կողմ: Առաջինը ներհամակարգային բախումներն են: Հնարավոր բոլոր ներիշխանական դեպքերում Սերժ Սարգսյանի «համակրանքը» չի եղել օլիգարխիայի կողմը: Մյուս կողմից, արդեն տեղերում իրավիճակի փոփոխությունը: Շիրակի մարզում ու Գյումրիում այդ իրավիճակն օրինակ փոխվեց, երբ հասարակությունն իշխանական համակարգի տրամաբանությունից դուրս քայլ արեց ՝ փաստացի ընդդիմանալով գործող իշխանությանը մի քանի ընտրություն շարունակ: Սյունիքում Լիսկայի իշխանության անկումը սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավներից:
Նման տեղերում, որտեղ իշխանությունը կենտրոնաձիգ է ու հիմնված հեղինակության վրա, իշխանությունը քանդում են հենց հեղինակության հիմքերը քանդելով: Գալիս է ինչ որ մեկը, կանգնում հրապարակի կենտրոնում ու հայտարարում, որ բացի մեկից, կա նաև ինքը: Այդպես արվեց նաև Աբովյանում, երբ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսեց հակադրվել իր նախկին սանիկը՝ որոշակի քաղաքական հովանավորությամբ բնականաբար: Նույնը հետընտրական իրավիճակում, երբ Հովհաննիսյանը Երևանից ու Սյունիքից ուղղակի Լիսկային մեղադրանքներ էր հնչեցնում ու թիրախավորում: Դա իհարկե արվում էր Սյունիքում ստացած ձայների հիմքով: Դրանք միաժամանակ այն հիմքն էին, որոնք խարխլել էին Լիսկայի ամրությունը, Լիսկան փաստացի չէր արդարացրել իշխանության սպասումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ