14:06 , 1 հուլիս, 2013Շարունակում եմ ներկայացնել ձեզ այսօրվա ամենատաղանդավոր ու նշանավոր զորավարների ցանկը, ովքեր ռազմական փառք են ձեռք բերել մինչև 20 տարեկան:

Ք.Ա. 63 թվականին Գայուս Օկտավիանոսը որդի ունեցավ և նրան անվանեց Օգոստոս: Իր մանկության տարիները նա անցկացրեց Ապոլլոնիա քաղաքում, իսկ Հուլիոս Կեսարի սպանության լուրը ստանալու պահին նա 18 տարեկան էր: Անտեսելով Մակեդոնիա փախչելու խորհուրդները` Օկտավիանոսը վերադարձավ Իտալիա և պարզեց, որ Կեսարը, ով իր երեխաները չուներ, հենց նրան էր անվանել որդի և նրան էր կտակել իր ունեցվածքի 2/3-ը և հայտարարել որպես օրինական ժառանգ: Հետևելով իր խորթ հոր պատգամներին` նա սկսեց իր կողմը քաշել Կեսարի կողմնակիցներին՝ շեշտը դնելով իր օրինական ժառանգի կարգավիճակի վրա:
Ք.Ա. 44 թվականի մայիսի 6-ին 18-ամյա Օգոստոսը առաջնորդեց 3000 փորձառու լեգիոներների ջոկատը դեպի Հռոմ: Նա գրեթե դիմադրության չէր հանդիպում, որովհետև բնակչությունը համակրանքով էր լցված դեպի նա: Նրան հաջողվեց վտարել Կեսարին սպանողներին քաղաքից, ովքեր հաջողացրել էին խաղաղություն կնքել այդ ժամանակվա կոնսուլի՝ Մարկոս Անտոնիոսի հետ: Անտոնիոսը անմիջապես սկսեց դավեր նյութել Օգոստոսի դեմ, բայց վերջինս ժամանակ չէր կորցնում ու սկսել էր զորք հավաքել: Նրան անգամ հաջողվեց իր կողմը քաշել Անտոնիոսի լեգիոններից երկուսին, որոնց մարտիկներին ավելի բարձր վարձատրություն խոստացավ:
Ստեղծված իրավիճակում Անտոնիոսը գերադասեց փախչել Հռոմից, իսկ Օկտավիանոսը 19 տարեկանում մտավ սենատ, և նրան օժտեցին իմպերատորի կոչում, ինչը թույլ էր տալիս նրան ղեկավարել բանակը:
Այնուհետև նա հասավ նրան, որ իրեն ու ևս երկու կոնսուլների ուղարկեցին, որպեսզի նրանք հաղթեն Անտոնիոսին: Նրանք այդպես էլ արեցին. Ֆորում Գալլորումի և Մուտինայի ճակատամարտերից հետո Անտոնիոսը նահանջեց, բայց միևնույն ժամանակ զոհվեցին Օկտավիանոսի հետ ուղարկված երկու կոնսուլները, ինչի արդյունքում Օգոստոսը դարձավ 8 լեգիոնների մնացորդների միանձնյա հրամանատարը, սակայն նրան հետ կանչեցին Հռոմ, իսկ զորքերի հրամանատարությունը հանձնեցին այլ հրամանատարի:
Ինչևիցե, Օգոստոսը ոչ միայն հնարավորություն ունեցավ հետագայում ղեկավարելու հռոմեական զորքը, այլև դարձավ Հռոմի առաջին կայսրը և մահացավ Ք.Ա. 14 թվականին՝ 75 տարեկան հասակում:

Սկիպիոնը հռոմեական զորքերի գեներալներից էր՝ Երկրորդ պունիկական պատերազմի ժամանակ և հռչակվեց լեգենդար Հաննիբալին Զամմայի ճակատամարտում գլխովին ջախջախելու համար: Նրա հայրը՝ Պուբլիուս Կորնելիուս Սկիպիոնը, ևս հռոմեական գեներալ էր: Հայտնի չէ, թե երբվանից Սկիպիոն Աֆրիկացին սկսեց զբաղվել ռազմական գործով, բայց հաստատ հայտնի է, որ արդեն 16 տարեկանում նա ուղեկցում էր հորը ճակատամարտերի ժամանակ: Արդեն 18 տարեկանում նա դարձավ իր հոր զորախմբի հրամանատարներից մեկը և փառք վաստակեց Ք.Ա. 218 թվականին տեղի ունեցած Տիցինուսի ճակատամարտում, երբ անձնուրաց ու ինքնասպանությանը հավասար գրոհով փրկեց շրջապատման մեջ հայտնված իր հորը: Հույն պատմիչ Պոլիբիուսը գրում է Սկիպիոնի բացառիկ խիզախության և համարձակության մասին, որը նա դրսևորել էր նման երիտասարդ տարիքում:
Այնուամենայնիվ, Սկիպիոնի հոր բանակը առանձնապես ոչնչով աչքի չէր ընկել ռազմի դաշտում` բացի մի շարք ջախջախիչ պարտություններից, և հենց այդ սկզբնական շրջանում տարված պարտությունները հսկայական դեր կխաղան որպես առաջնորդ ու զորավար նրա կայացման գործում: 25 տարեկանում նրան վստահեցին զորքի հրամանատարությունը, և այդ պահիից ի վեր նա այլևս պարտություն չտեսավ և ոչ մի ճակատամարտում, իսկ երբ Հաննիբալի ջախջախումից հետո նրան առաջարկեցին դառնալ Հռոմի դիկտատորը, նա հայտարարեց, որ զզվում է քաղաքականությունից, և իր միակ գործը ռազմի դաշտն է, և շարունակեց փայլուն հաղթանակներ բերել Հռոմեական ռեսպուբլիկային մինչև թոշակի անցնելը:
Սկիպիոն Աֆրիկացին մահացավ 53 տարեկանում և մինչ օրս էլ համարվում է պատմության մեծագույն զորավարներից մեկը:

Մուհամմեդ բին Քասիմը Ումմայադյան Խալիֆաթի ամենանշանավոր զորավարն էր: Սա Մուհամմեդ Մարգարեի մահվանից հետո առաջացած 4 իսլամական խալիֆայություններից մեկն էր: Նա թաքիֆ ցեղից էր, իսկ պատերազմի արվեստը սովորել էր իր հորեղբորից, ով մի ժամանակ Ւմմայադյան տերության նահանգապետերից էր: Բավականին երիտասարդ տարիքում նա ապացուցել էր իր անձնական խիզախությունն ու հմտությունը ռազմի դաշտում, և նրան կարգեցին զորահրամանատար 17 տարեկան հասակում:
Հենց այս բանակով նա սկսեց Սնիգհ և Փանջաբ նահանգների զավթումը՝ ներկայիս Պակիստանի տարածքում: Սա արդեն երրորդ նմանատիպ արշավանքն էր, իսկ առաջին երկուսը ավարտվել էին սահմռկեցուցիչ պարտություններով, սակայն ինչը չէր հաջողվել անել այլոց, Քասիմը կատարեց փայլուն կերպով: Նա գրավում էր քաղաքը քաղաքի հետևից, իսկ նրա հաղթանակների մասին լուրերը նորանոր դաշնակիցներ էին ստեղծում, և շուտով նրա 6000-ոց զորախումբը վերածվեց 25,000-ոց զորքի:
Նա փայլուն ու անողոք զորավար էր, ով ինքնուրույն էր մշակում ռազմավարությունը, որը կայանում էր հետևյալում. սպանիր բոլոր նրանց, ովքեր քո դեմ զենք են բարձրացնում, և բանտարկիր նրանց ընտանիքի անդամներին, միևնույն ժամանակ ներողամիտ եղիր ու պաշտպանիր նրանց, ովքեր հնազանդվել են քո կամքին:
Նրա ռազմական հաջողությունները նաև մեծապես պայմանավորված էին նրա բանակում տիրող խիստ կարգապահությամբ, ինչպես նաև պաշարման միջոցների և մոնղոլական աղեղի լայն կիրառությամբ: Տարածաշրջանը գրավելուց հետո նա նաև կառուցեց տարածաշրջանի կառավարման արդյունավետ համակարգ, որը բերեց նրանմ, որ տեղի բնակչությունն արագորեն իսլամ ընդունեց: Նա նոր արշավանքի էր պատրաստվում, երբ Ումմայադյան խալիֆությունում իշխանափոխություն տեղի ունեցավ: Նոր խալիֆը հետ կանչեց բոլոր գեներալներին և նահանգապետ նշանակեց Քասիմի ախոյաններից մեկին, ում չար խոսքով էլ Քասիմին ձերբակալեցին:
Շրջանառվում է նրա մահվան մի քանի տարբերակ. մի տարբերակի համաձայն` նրան կապեցին ցլից և քարշ տվեցին անապատով այնքան ժամանակ, մինչև նա խեղդվեց, իսկ այլոք պնդում են, որ նրան տանջամահ են արել: Ամեն դեպքում, բոլոր աղբյուրները միակարծիք են մի հարցում. սպանվելու պահին նա ընդամենը 20 տարեկան էր:

Թեև Ժաննան վստահաբար զիջում է իր զորավարական տաղանդով այս ցուցակում տեղ գտած այլ պատմական կերպարներին, սակայն հենց նրան է պատկանում 2-րդ հորիզոնականը, քանի որ բացի նրանից, որ նա աղջիկ էր, նա դեռահաս աղջիկ էր, երբ առաջնորդում էր Եվրոպայի հզորագույն տերություններից մեկի բանակը: Ժաննան ծնվել է մի փոքրիկ ֆրանսիական գյուղում՝ Դոմրեմիում, 1412 թվականին: Այն տունը, որտեղ նա ծնվել է, պահպանվել է մինչ օրս և թանգարանի է վերածվել: Երբ նա 12 տարեկան էր, նա հայտարարեց, որ տեսիլքներ է ունեցել, որտեղ Միքայել հրեշտակապետը հանձնարարել էր իրեն վտարել անգլիացիներին Ֆրանսիայից:
16 տարեկանում նա կարողացավ արժանանալ Ֆրանսիական արքայական դատարանի ուշադրությանը և անել Օրլեանի մոտ կայանալիք ռազմական շրջադարձի մասին իր հայտնի կանխատեսումը: Տպավորված նրա խոսքերից` Շարլ 7-րդ արքան տվեց նրան զորք և թույլ տվեց ասպետական ասպազեն կրել: Որպես իր աստվածային առաքելության ապացույց` նրան հանձնարարվեց ազատել Օրլեանը պաշարումից, ուր նա ժամանեց 1429 թվականի ապրիլին՝ 17 տարեկան հասակում: Պատմաբանները այժմ էլ չեն կարողանում համաձայնության գալ, թե արդյո՞ք նա անձամբ էր առաջնորդում գրոհը, թե՞ պարզապես իր ներկայությունով ոգեշնչում էր զորքին, բայց բոլոր վկայությունները փաստում ենմ, որ նա անծանոթ չէր ճակատամարտերին և վախ ցույց չէր տալիս ռազմի դաշտում: Մայիսի 7-ին նա անտեսեց հավելյալ օգնության սպասելու հրամանը և եղած ուժերով գրոհեց անգլիացիների հիմնական ամրակետը՝ Լե Տուրելը: Մարտի ժամանակ նա վիրավորվեց վզից՝ անգլիացի նետաձիգի կողմից, բայց նա արագորեն վերադարձավ ռազմադաշտ և անձամբ առաջնորդեց վճռորոշ գրոհը և զորքի կողմից միանշանակորեն ընդունվեց որպես ճակատամարտի գլխավոր հերոս:
Այս դրվագից հետո Ժաննային նշանակեցին ֆրանսիական զորքի համահրամանատար, և նրա գլխավորությամբ ազատագրվեցին մի շարք փոքրիկ քաղաքներ և ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջներ: Նա մասնակցեց Պուատյեի ճակատամարտին, որտեղ անգլիացիները գլխովին ջախջախվեցին: Նա առանցքային դեր խաղաց Փարիզի պաշարման ժամանակ, որի ժամանակ նա շարունակում էր ղեկավարել զորքը անգամ ոտքի մեջ արբալետի նետը մխրճված: Հաջորդ տարի նա ևս մի քանի քաղաք հետ վերցրեց անգլիացիներից (ճիշտ է, նրա զորքը ևս կրում էր լուրջ կորուստներ):
18 տարեկանում նա մեկնեց Կամպայն, որպեսզի օգնի քաղաքին դիմակայել անգլո-բուրգունդյան զորքերի պաշարմանը: Բախումներից մեկի ժամանակ նա շրջապատման մեջ ընկավ, և նրան գերեվարեցին բուրգունդական զորքերը: Մի քանի անգամ փախուստի անհաջող փորձերից հետո նրան վաճառեցին անգլիացիներին, ովքեր դատապարտեցին 19 տարեկան Ժաննային այրվելու խարույկի վրա: Ականատեսները պնդում են, որ նա վախի նշույլ անգամ չցուցաբերեց իր մահապատժի ժամանակ, իսկ նրա դահիճը հետագայում խոստովանել է, որ ինքը վախենում էր, որ անիծյալ է դարձել Ժաննային սպանելով: 1920 թվականի մայիսի 16-ին Բենեդիկտոս 15-րդը Ժաննային դասեց սրբերի շարքին, և այդ օրվանից նա ամենասիրելի սրբերից է կաթոլիկ աշխարհում:

Հավանաբար 1-ին տեղի իմ ընտրությունը ոչ մեկին չի զաւմացնի: Ալեքսանդը ծնվել է Ք.Ա. 356 թվականին և երբ 13 տարեկան էր, նրա հայրը՝ Մակեդոնիայի արքա Ֆիլիպ 2-րդը, ուղարկեց նրան Միեզա, որպեսզի նա ուսանի հանրահայտ Արիստոտելի մոտ: Նրա դասընկերներն էին Պտղոմայոսը, Հեփեստիոնը, Կասանդերը և այլք: Երբ նա 16 տարեկան էր, վերադարձավ Մակեդոնիա, որպեսզի Բյուզանդիումի դեմ արշավանքի ուղևորված հոր փոխարեն ժամանակավորապես զբաղեցնի նրա գահը:
Հենց այդ ժամանակամիջոցում Ալեքսանդրը ձեռք բերեց իր առաջին մարտական փորձը՝ արշավելով ապստամբած թրակիացիների դեմ: Թրակիացիների Մաեդի արքան լրջորեն թերագնահատեց երիտասարդ արքայազնին և դաժանորեն զղջաց դրա համար: Ալեքսանդրը արագորեն ճնշեց նրա ապստամբությունը, և սա դարձավ անպարտելի Ալեքսանդրի հաղթանակներից առաջինը: 17 տարեկանում Ֆիլիպը նրան փոքր զորքի գլխավորությամբ ուղարկեց Թրակիա, որը նա գրավեց հեշտությամբ, իսկ հաջորդ տարի Ֆիլիպի հետ համատեղ ուժերով Ալեքսանդրը զավթեց Էլաթեա քաղաքը:
Հաջորդը Աթենքի ու Թեբեի միացյալ ուժերի հերթն էր իրենց վրա զգալու Ալեքսանդրի ծագող աստղի ծանրությունը: Քերոնեայի ճակատամարտում մակեդոնական զորքը ջախջախեց պոլիսների զորքին, և այս հաղթանակից հետո բոլոր հունական քաղաքները, բացի Սպարտայից, անցան Մակեդոնիայի տիրապետության տակ, և ձևավորվեց Հելլենական դաշինքը:
2 տարի անց սպանվեց Ֆիլիպը, և Ալեքսանդրը դարձավ հունական գերտերության միանձնյա առաջնորդը՝ 20 տարեկանում: Առաջին բանը, որ արեց Ալեքսանդրը, ոչնչացրեց իր բոլոր քաղաքական ախոյաններին: Հունական քաղաքները անմիջապես ապստամբեցին` իմանալով Ֆիլիպի վախճանի մասին, բայց Ալեքսանդրը խեղդեց ապստամբությունը արյան մեջ, և արդեն 21 տարեկանում նա կազմ-պատրաստ էր իր լեգենդար արշավանքին:
Այս հանճարի սխրագործությունները նկարագրելու համար առանձին գրառումն էլ քչություն կանի: Նա առնվազն երկու անգամ հաղթել է ճակատամարտերում, որտեղ թշնամու բանակը մի քանի անգամ ավելի շատ է եղել, իսկ 30 տարեկանը դեռ չբոլորած` նա արդեն հասել էր Հնդկաստան: Նա կարող էր գրավել ողջ աշխարհը, եթե հիվանդությունից չմահանար 32 տարեկանում և մինչ օրս էլ հանդիսանում է պատմության ոչ միայն ամենանշանավոր պատանի, այլև առհասարակ ամենանշանավոր ու անպարտելի զորավարը: