Ինչպե՞ս են լիզելու Աշոտյանի թքածը


22:23 , 19 ապրիլ, 2012

Եթե Զոլյանը միջազգային փորձագետ է, ապա նրա գործունեությունը կարգավորվում է միջազգային օրենսդրությամբ, որի նկատմամբ ազգային օրենսդրությունը ստորադաս է:

Արթնանում ենք թմբիրից։ Մաշտոցի այգուն հետևում է Զոլյանի պաշտպանության ակցիան։ Ու եթե այգու պարագայում որոշ իշխանապաշտներ (Լևոն Իգիթյան, Արտակ Զաքարյան, Մանվել Բադեյան) արտերկրի խառնակիչ մատ էին տեսնում, ապա Զոլյանի հարցի պարագայում պետք է տեսնեն միայն Աշոտյանի «հանճարը»։
Բոլորին պարզ է, որ նրա Աշոտյանի արածը հիմնված է «պրիդիրկայի» վրա։ Նրա ու Զոլյանի հեռացման գործը ապագայում քննող դատավարի համար հատուկ նշեմ, որ եթե Զոլյանը միջազգային փորձագետ է, ապա նրա գործունեությունը կարգավորվում է միջազգային օրենսդրությամբ, որի նկատմամբ ազգային օրենսդրությունը ստորադաս է։
Հատկանշական է Աշոտյանի հետ հանդիպմանը մասնակից ուսանողներից մեկի պատասխանը նախարարի հարցին, թե ինչու են Զոլյանի բուհից դասախոսներ հեռանում. պատասխանել է՝ «որովհետև բուհում կոռուպցիա չկա»։ Չգիտեմ՝ կա, թե չէ, բայց կնոջս քրոջ դուստրը արդեն չորս տարի սովորում է այդ բուհում՝ առանց մի լումա կաշառք կամ նվիրատվություն տալու։ Ըսդ որում, ընդունվել է վճարովի, հետո բարձր առաջադիմության շնորհիվ անցել անվճար ուսուցման։
Գամ Մաշտոցի այգի-Զոլյանի պաշտպանության ակցիա կապին։ Կապն այն է, որ հանրությունն սկսում է ուղղել մեջքը և հավաքականությամբ պաշպանում իր շահն ու իրավունքը։ Ու կարծում եմ, որ Զոլյանի պարագայում դա շատ ավելի հեշտ կլինի։ Իսկ եթե իշխանությունը որոշի թողնել, որ Աշոտյանի թքածը չորանա, այն է՝ դատարանում պարզվի, որ մածունը սև է.... Հույս ունեմ, որ եթե ոչ արդարությունը, ապա իշխանապաշտների ողջամտությունը կհաղթի, ու նրանք կմտածեն Աշոտյանի թքածը լիզելու ձևը, որպեսզի դժգոհության ալիքն ավելորդ չբարձրանա։ Առջևում ընտրություններ են...