Չի բացառվում՝ Փաշինյանը մտահոգություն է ունեցել, որ Արթուր Վանեցյանի ռեյտինգը կարող է ավելի բարձր լինել, քան իրենը. Գագիկ Համբարյան


23:00 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Արթուր Վանեցյանի հրաժարականն անակնկալ չէր, և բավական երկար ժամանակ որոշ լրատվամիջոցներ այդ մասին գրում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Արթուր Վանեցյանը հրաժարականի հասարակ դիմում չներկայացրեց, այլ, կարելի է ասել, իր դուրս գալուց հետո դուռը շրխկացրեց Նիկոլ Փաշինյանի երեսին, որովհետև հայտարարության մեջ բացահայտ գործող իշխանություններին մեղադրում է տարերային որոշումներ ընդունելու, հախուռն գործողություններ կատարելու, առաջնայինը երկրորդայինից չտարբերելու մեջ և նկատում է, որ այս տեմպերով չի կարելի պետություն կառուցել: Այսինքն` պարոն Վանեցյանը շատ պարզ պարոն Փաշինյանին և նրա կառավարությանը մեղադրում է ոչ պետական մտածելակերպի, թայֆաբազության սեփական շահերը պետական շահերից վեր դասելու մեջ»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ բավական խորը խնդիրներ են եղել Վանեցյանի և Փաշինյանի միջև: «Այս հրաժարականը բավական մեծ հարված է գործող իշխանությունների վարկանիշին, որովհետև լավ գիտենք, որ ցավոք սրտի այս իշխանությունների կարևոր նախարարությունները, որոնք բարձր վարկանիշ են ապահովում գործող իշխանության համար, դա ԱԱԾ-ն է, Պաշտպանության նախարարությունն և ոստիկանապետը»,-ասաց նա:

Գագիկ Համբարյանը չի բացառում, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա, քանի որ նույն ԶԼՄ-ները գրում էին Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին. «Չի բացառվում, որ սա դոմինոյի էֆեկտով կշարունակվի, և որոշ անձիք ևս դուրս կգան Փաշինյանի կառավարությունից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ