ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ի հայտնի որոշման վերաբերյալ, խոսում է պետության 2-րդ դեմքի` Սահմանադրական դատարանի մասին օրենքից բացահայտ անտեղյակության մասին


22:24 , 16 սեպտեմբեր, 2019

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ի հայտնի որոշման վերաբերյալ, խոսում է պետության 2-րդ դեմքի` Սահմանադրական դատարանի մասին օրենքից բացահայտ անտեղյակության, դատական համակարգին վերաբերող հարցերի մասով ընդգծված տգիտության, Ն. Փաշինյանի անօրինական և հակասահմանադրական քայլերին` «Դու մենակ չես»-ի մոտիվներով` ակնհայտ քծնանքի, և, ամենաընդգծվածը` Ռ. Քոչարյանի մասով դատական վճռից ժամեր առաջ դատարանի վրա օրենսդիր մարմնի կողմից բացահայտ ճնշում գործադրելու ու պետականության ինստիտուտը անթաքույց նսեմացնելու մասին:

Եվ դատական իշխանության պաշտպանության և անկախության մասին խոսում է մեկը, ում ղեկավարած մարմին վարչապետի հետ միասին իրականացնում է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի համար, կարծում եմ, նախադեպը չունեցող ակցիա․ գործադիր մարմնի ղեկավարի հրահանգով և ԱԺ պատգամավորների անմիջական մասնակցությամբ ու ոստիկանության «աչալուրջ» անտարբերության ներքո շրջափակում են դատարանները, զգետնում այդ հակաօրինական որոշմանը չենթարկվող և իր կոչմանն ու օրենքին հավատարիմ դատավորին և հետո անմեղսունակներին հատուկ հրճվանքով հայտարարում, որ ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում դատական իշխանությունը անկախ է, և նրա նկատմամբ գործադիրը որևէ ճնշում չի իրականցնում: Եվ առավել սարկազմիկ ինքնահամոզում-հայտարարությունը` որ ակցիան հասավ իր նպատակին…

Լավ, որտեղի՞ց դուք հայտնվեցիք, այդքան շատ ու նույնաբովանդակ կամ…

Պատմահայրը կասեր` ՈՂԲԱՄ ԶՔԵԶ…