Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան


19:06 , 16 սեպտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

«Անչափ կարեւոր է այն տեքստը, որը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գրել է։ Այդ տեքստի մեջ ամեն ինչ ասված է բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, թե ինչ ասել է՝ պետություն, պետականություն, երկրի ղեկավարում, պետական ինստիտուտներ եւ նրանց նկատմամբ վերաբերմունք։ Ամեն ինչ ասված է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Իսագուլյանի խոսքով՝ այնպես, ինչպես Արթուր Վանեցյանը բնութագրեց, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, դեռ ոչ ոք չէր արել ։ «Նա ապացուցեց, որ ինքը սպա է, ուսադիրներ է կրում։ Նա ասաց, որ իր քայլով փորձում է կանգնեցնել այն ամենաթողությունը, որ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ես բարձր եմ գնահատում Վանեցյանի արարքը, նրա այս քայլը շատ ավելին կարող է անել»,-ասաց Իսագուլյանը։

Հիշեցնենք, քիչ առաջ հրաժարական է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վարչապետն ընդունել է այն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու հրամանագիրը։ Հրաժարականի տեքստում, Արթուր Վանեցյանը մասնավորապես նշել է.

«...Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին...»։

Դիտարկմանը, թե ըստ էության, ԱԱԾ տնօրենը լինի «կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ է վարչապետ Փաշինյանին, Իսագուլյանն արձագանքեց.«Պարոն Վանեցյանի հեղինակությունը շատ բարձր էր հանրության շրջանում, հանրությունը, համենայն դեպս կհասկանա, թե ինչ է կատարվում։ Եվ, չմոռանանք մի շատ կարեւոր փաստ. Այն ամենին, ինչ տեղի է ունեցել այս 1,5 տարվա ընթացքում Հայաստանում, լավագույնս տիրապետում է Արթուր Վանեցյանը։ Հավատացեք, որ երկրի վարչապետը շատ ավելի քիչ ինֆորմացիայի է տիրապետում, քան տիրապետում է Վանեցյանը։ Ի՞նչ եք կարծում, նման կադրի հեռանալն ի՞նչ կարող է նշանակել։ Վանեցյանը ամեն պահի կարող է կանգնեցնել այս ոչ դրական շարժը , որն այսօր կա»։

Հարցին, արդյո՞ք ԱԱԾ տնօրենի հրաժարականը իշխանության ներսում այսպես ասած սորոսական եւ ոչ սորոսական թեւերի պայքարի հետեւանք է, Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Եկեք չբաժանենք՝ ռուսամետ, արեւմտամետ...Վանեցյանը մտնում էր այն մարդկանց շարքը, որոնք պետականամետ են, պետականակերտ են, պետականաստեղծ են։ Ինքը, վերջապես, 25 տարի աշխատել է ԱԱԾ-ում, դա բավականին լուրջ շրջան է եղել եւ դա շատ բան է ասում»։

Ըստ Իսագուլյանի, ԱԱԾ տնօրենի այս քայլը բոլոր ատյաններում բացարձակ հակաօրինական գործողությունների մասին ահազանգ է։ «Այս քայլը բոլոր ատյաններում բացարձակ հակաօրինական գործողությունների ահազանգ է՝ գործադիր, օրենսդիր, դատական։ Դատական իշխանության նկատմամբ գնում է բացարձակ տեռոր։ Մարդը, ով հայրենիք է սիրում, չի կարող տեսնել դա ու չարձագանքել, քայլ չանել »,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։