Չինաստանը պահանջում է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարձակման վերաբերյալ անհիմն մեղադրանքներ չներկայացնել


17:21 , 16 սեպտեմբեր, 2019

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պահանջում է, որ երկրները միմյանց նկատմամբ մեղադրանքներ չառաջադրեն՝ մինչև բոլոր մանրամասների և համոզիչ փաստերի բացահայտումը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթին:

Գերատեսչությունն ընդգծում է, որ ոչ ոք չի կարող մեղադրել որևէ մեկին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ առանց որևէ ապացույցի:

Նախարարությունը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն:

Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենական հուսիտ ապստամբները, բայց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ հարձակումն իրականացվել է հենց Եմենից:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ հարձակումից հետո հավաքված ապացույցները ցույց են տվել, որ այս ամենի հետևում կանգնած է Իրանը, բայց իրանական կողմը հերքում է այդ մեղադրանքները: