Հայտնի է պարացետամոլի անսպասելի վտանգը


16:48 , 16 սեպտեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ընթացքում պարացետամոլ օգտագործելը կարող է հանգեցնել վեց ամսականից մինչև 11 տարեկան երեխաների վարքի խանգարումների: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ի մամլո հաղորդագրության մեջ:

Հետազոտությանը մասնակցել են 14 հազար երեխաներ, որոնց մայրերի 43%-ը խոստովանել է, որ մինչև հղիության յոթերորդ ամիսը որպես ցավազրկող պարացետամոլ է ընդունել: Մասնագետները հիշողության, մտավոր ունակության գործակցի, նախադպրոցական զարգացման մակարդակի, խառնվածքի և վարքի թեստեր են անցկացրել:

Պարզվել է, որ մայրերի կողմից ցավազրկող դեղամիջոցի օգտագործումը կապված է երեխաների մոտ հիպերակտիվության և ցրված ուշադրության բարձր ռիսկի հետ: Տղաները դեղամիջոցի նկատմամբ ավելի զգայուն են գտնվել, քան աղջիկները: Ավելի ուշ տարիքում բացասական հետևանքներ չեն նկատվում: Նշվում է, որ արդյունքի վրա չեն ազդել արտաքին սոցիալական գործոնները, ինչպես նաև կանանց կողմից պարացետամոլ ընդունելու պատճառները:

Ըստ գիտնականների՝ արդյունքները հաստատում են այն տեսակետը, որ կանայք պետք է զգույշ լինեն հղիության ընթացքում դեղամիջոցներ ընդունելու հարցում: