90-ամյա Ագնես Կասպարկովան իր գյուղի բոլոր տներին ձեռքով նկարում է կապույտ ծաղիկներ. ծեր չեխուհու չկրկնվող արվեստը նվաճել է աշխարհը (photo)


10:05 , 16 սեպտեմբեր, 2019

Ագնես Կասպարկովան 90-ամյա տատիկ է, ով տարված է նկարչությամբ դեռ երիտասարդ տարիներից։ Նա, ոգեշնչվելով Լեհաստանի գյուղերից մեկից, որոշել է ամեն գարուն ու ամառ իր օրը նվիրել իրենց գյուղի տները նկարազարդելուն։ 

Սպիտակ տների պատերը մեկը մյուսի հետևից պատվում են կապույտ ծաղիկներով, որոնք հիշեցնում են արվեստի իսկական գլուխգործոցներ։ Ագնեսի մոտ միտքը հղացավ, երբ նա հասկացավ, որ գյուղի տները մի տեսակ անշուք են ու միանման։ Նա վերցրեց իր սիրելի վրձինն ու կապույտ ներկը և սկսեց հենց իր տնից։ Նրա տան գեղեցկությունն այնքան ակնհայտ էր, որ գյուղացիները դեմ չեղան իրենց տներն էլ նույնպիսին դարձնել։ 

Հաջորդ իսկ օրվանից Ագնեսն անցավ գործի՝ հասկանալով, որ իր ծերության տարիներն ուզում է անցկացնել սիրելի գյուղն ավելի գունագեղ ու արվեստոտ դարձնելով։ 

Այդ պահից ի վեր մինչ այսօր Ագնեսը, ով, ի դեպ, նախկին գյուղատնտես է, իր ամեն ամառն ու գարունը նվիրում է միայն գյուղի տները նկարազարդելուն։ Նկարազարդումները հիմնականում ծաղիկների տեսքով են, քանի որ Ագնեսը վստահ է, որ աշխարհում միշտ էլ կա ու կլինի ծաղիկների պակաս։ 

Ագնեսի աշխատանքները Մորավյան արվեստի ամենավառ դրսևորումներն են։ Հետաքրքրական է, որ նա ոչ միայն չի հոգնում իր աշխատանքից, այլ նաև Չեխայի լրատվականներից մեկին տված իր հարցազրույցում նշել է.

- Ես արտիստ եմ։ Ես ուղղակի վայելում եմ այս աշխատանքն ու իրոք ուզում եմ օգնել իմ գյուղին։