Մայր Աթոռն արձագանքել է Հայոց եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը


14:57 , 14 սեպտեմբեր, 2019

Ծանոթացանք «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը։

Գնահատելով լրագրությունը՝ իբրև կարևոր հանրային աշխատանք՝ ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ առաքելական եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար եւ անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։

Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:

Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:

Վստահ ենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգեւոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց եւ պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից։