Միքայել Մինասյանը շատ խոցելի բանաձև է առաջ քաշել


11:10 , 14 սեպտեմբեր, 2019

Միքայել Մինասյանի տեսությունը քաղաքական անցյալի դեպքում ճիշտ է, անգամ թեթև, նույնիսկ միջին քրեաքաղաքական անցյալի դեպքում էլ է ճիշտ:

Շատ պարզ է․ որքան էլ գնաս անցյալ, պայքարես անցյալի դեմ, մնալու ես անցյալում՝ ներկայի և ապագայի անորոշությունը ավելի խորացնելով: Այնպես որ, Սերժ Սարգսյանի շախմատային պարտիայի հերթական դերակատարը կարևոր, դարակազմիկ բանաձև առաջ չի քաշել:

Իրականում առաջ է քաշել շատ խոցելի բանաձև: Արդյո՞ք Միքայել Մինասյանը հավատում է, որ հասարակությունը կարող է առողջ զարգացում ունենալ՝ չստանալով երրորդ հանրապետության ներքին կյանքը խարխլած, առնվազն երկու իրադարձության սպառիչ պատասխան: Արդյո՞ք երկիրը կարող է մոռանալ և, հետևաբար, զարգանալ՝ չստանալով հոկտեմբերի 27-ի սպանդի իրական կազմակերպիչների անունները, կամ չպարզելով, թե ո՞վ է հրամայել և ովքե՞ր են սպանել ՀՀ տասը քաղաքացիների մարտի 1-ին:

Իհարկե, շատ բան պետք է մոռանալ, բայց խոսքը պետության հիմքերը խարխլած և սերունդներին անպատասխան հարցեր թողնելու մասին է: Կարո՞ղ ենք մոռանալ Հայոց մեծ եղեռնի հանդեպ մեր պահանջատիրական զգացումները, կարո՞ղ ենք սփյուռքին պատգամել նոր կյանք առանց պահանջատիրության:

Հետևաբար, հայկական քաղաքականության երևակայական Մանդելան իզուր է ճգնում համոզել անհամոզելի տեսություններ, երբ խոսքը վերաբերում է պետության դեմ գործած հանցագործությունների մասին: