Նիկոբարյան կղզիներում ամուսնացող տղամարդը 6 ամիս պետք է ստրուկի պես ծառայի ապագա կնոջը. 3 ամենատարօրինակ ամուսնական ավանդույթները աշխարհից


09:55 , 14 սեպտեմբեր, 2019
Աշունն ու քեֆաշատ ամուսնությունների բուռն սեզոնը շարունակվում է, ու այս առթիվ արժե նորից համալրել անսովոր հարսանեկան ավանդույթների մասին գիտելիքների շարքը ևս մի քանիսով:

1. Դե իհարկե, առաջին հերթին տեղափոխվենք մեր երկրում այդքան արագ տարածում գտած հնդկական սերիալների հայրենիք՝ Հնդկաստան, ու հասկանանք, թե ինչու են այստեղ որոշում ամուսնանալ ծառի հետ: Ուրեմն՝ Հնդկաստանի որոշ մասերում, մասնավորապես՝ Փենջաբում, արգելված է ամուսնանալ 3-րդ անգամ: 4-րդ, 5-րդ անգամ ամուսնությունը խրախուսվում է, սակայն 3-րդ անգամը, չգիտես ինչու, համարվում է դժբախտություն: Արի ու տես, որ խորամանկ հնդիկները գտել են լուծումը:
Քանի որ այստեղ արգելվում է 3-րդ անգամ ամուսնանալ մարդու հետ, եթե նրանք 2 անգամ անհաջող են ամուսնանում, որոշում են 3-րդ անգամ ամուսնանալ ծառի հետ, ինչը, իհարկե, արգելված չէ: Ծառի հետ ամուսնանալուց հետո նրանք որոշ ժամանակ ամուսնացած են մնում, հետո որոշում են միայնակ դառնալ․ ծառը կտրում են: Դրանից հետո նրանք հանգիստ ամուսնանում են 4-րդ անգամ, ում հետ որ կկամենան:
Ծառի հնարքը կիրառվում է նաև, եթե Հնդկաստանի ընտանիքներից որևէ մեկում կրտսեր երեխան ուզում է ավագից շուտ ամուսնանալ: Քանի որ դա արգելված է լինում, կրտսերն ամուսնանում է ծառի հետ, որից հետո հանգիստ ամուսնանում է, ում հետ կցանկանա:
2. Եթե դուք դեռ մտավախություն ունեք, որ ձեր առաջին հարսանեկան տանգոն կձախողվի, և դուք կկանգնեք փեսացուի ոտքին, ապա Հունաստանում փեսայի ոտքին կանգնելը կարևորագույն պայման է: Հարսանեկան առաջին տանգոյի ժամանակ՝ փեսայի ոտքին կանգնելուց հետո, հարսը կարող է վստահ լինել, որ ընտանիքում ինքն իր տեղը կունենա, ու իր խոսքը ազդեցիկ կլինի ամուսնու համար:
Հունաստանում նաև հենց առաջին հարսանեկան գիշերը զույգերը պետք է պարտադիր երեխաներ ունենան: Չէ՛, խոսքն իրենց սեփական երեխաների մասին չէ, այլ ուրիշի երեխաների, ովքեր պետք է թռվռան իրենց անկողնուն, որպեսզի զույգը ևս շատ առողջ երեխաներ ունենա:

Եվ 3-րդ, ամենատարօրինակ ավանդույթը: Նիկոբարյան կղզիների բնակիչ տղամարդիկ, եթե հավանում են որևէ աղջկա, ապա պետք է պատրաստ լինեն 6 ամսով նրան ստրուկի պես ծառայել ու ապրել աղջկա տանը: Եթե 6 ամիս հետո աղջիկը հավանում է տղայի ծառայությունը, ապա նրանք ամուսնանում են, եթե ոչ, տղային ուղարկում է հոր տուն:
Այս կղզիներում կնոջը փառաբանելու մշակույթն այնքան մեծ է, որ տղամարդը կնոջը ծառայելու միջոցով ցույց է տալիս, թե իրենց ամուսնական կյանքի ընթացքում ինչքան սիրալիր ու հավատարիմ է լինելու նրա հանդեպ՝ կատարելով նրա բոլոր հնարավոր ու անհնարին ցանկությունները։