«Մեգգին միշտ ծախսում է իր աշխատած գումարը և մեզ հաճախ նեղություն չի տալիս». Իրինա Թովմասյան


18:30 , 13 սեպտեմբեր, 2019

Իրինա Թովմասյանի աղջիկները երգում են, զբաղվում հաղորդավարի աշխատանքով, մոդելինգով: Չնայած փոքր տարիքին՝ նրանք արդեն հայտնի են և սիրված: Իրինայի մեծ դուստրը՝ Մեգգին, արդեն յոթ տարի է՝ զբաղվում է հաղորդավարի աշխատանքով․ սկզբում վարում էր «Մուլտաշխարհ» հաղորդումը, որից հետո «Դար 21»-ից առաջարկ ստացավ՝ վարելու «Միքս բլոգ հաղորդում», որը լուսաբանում է Երևանի հետաքրքիր միջոցառումները:  

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մեգգին ինքնուրույն է կարողանում նախապատրաստվել հաղորդմանը․ գրում է սցենարը, կազմում հարցերը. «Կարծում եմ՝ սա շատ լավ փորձ է նրա համար, նաև, ինչու ոչ, մասնագիտություն: Իհարկե, արդեն որոշել է, որ պետք է ընդունվի Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մենք չենք միջամտել նրա ընտրությանը, բայց նա էլ չընտրեց հեշտ ճանապարհ, քանի որ Ֆրանսիական համալսարանում հեշտ չէ սովորելը: Հետագայում ուսումն ուզում է շարունակել դրսում»:

Իրինան հպարտությամբ է նշում, որ Մեգգին շատ ինքնուրույն է. «Չեմ ուզում շատ օգնել նրան, քանի որ նա փոքրուց սովոր է գումար աշխատելուն: Կյանքում դա պետք է և յուրաքանչյուր փուլում պետք է ամուր կանգնելու համար: Նա չի գալիս, քննարկում՝ հավանած հագուստը գնի, թե ոչ: Եթե որոշել է, գումարը իր ձեռքում է և գնում է: Մեզ և՛ նեղություն չի տալիս, և՛ օգնում է, բնականաբար: Կամ երբ մեկնում ենք հանգստանալու, նա երբեք այդ ընթացքում մեզնից գումար չի վերցնում, միշտ ծախսում է իր հավաքած գումարը: Նա ուշադիր է նաև մեր նկատմամբ, օրինակ՝ ծննդյան առիթներին շատ լավ, պետքական նվերներ է գնում, թեև անգամ փոքրիկ բացիկը կարող է ինձ ուրախացնել: Իսկ ես հանգիստ եմ նրա համար․ գիտեմ, թե ինչ է ուզում կյանքում ու որ կարող է ինքնուրույն գումար աշխատել»:

Ի դեպ, Մեգգին շուտով նոր, հետաքրքիր երգ է պատրաստվում ներկայացնել, որը կլինի անգլերեն, իր տարիքին համահունչ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի