Վարչապետն իր քավորին հաստատեց բաղձալի պաշտոնում


17:25 , 13 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպասված սցենարի համաձայն, երեկ ուշ երեկոյան ապահովեց իր կնքահոր նշանակումն Իջևանի քաղաքապետի պաշտոնում: Այսօր առավոտյան վարչապետի իջևանյան հարազատ ընկեր և քավոր Հայկ Ղալումյանը ներկայացել է Իջևանի քաղաքապետարան՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, և ստանձնել պարտականությունների կատարումը՝ մինչև ընտրություններ:

Նշենք, հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվում էր այն մասին, որ հայրենի Իջևանում Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնն ուզում է տալ իր մանկության ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին, որի եղբորը՝ Վահե Ղալումյանին, արդեն իսկ իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով տարել էր խորհրդարան: Հայկ Ղալումյանը մինչև երեկ «Հայէկոնոմբանկի» մարզային մասնաճյուղի կառավարիչն էր, այսօր արդեն դարձավ քաղաքապետ:

Նկատենք, մինչև դեկտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները՝ վարչապետի կնքահայրը կօգտվի քաղաքապետի բոլոր տիպի վարչական ռեսուրսներից՝ ընտրություներում առավելագույն ձայներ ստանալու և բաղձալի պաշտոնում հաստատվելու համար: Իջևանցիները, սակայն, մեզ հետ զրույցում չեն բացառում նաև հակառակ սցենարի զարգացումը, կանխատեսվում է, որ ներքաղաքական զարգացումների ֆոնին դաշտում հնարավոր է ի հայտ գա մեկ այլ ազդեցիկ թեկնածու և խառնի վարչապետի խաղաքարտերը:

Իջևանցիների համար համոզիչ չի եղել ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ գործող քաղաքապետի գրած վաղաժամ հրաժարականի տեքստը, ասում են՝ դա արվեց հարկադրանքի ուժով, որպեսզի ընտրություններից առաջ վարչապետի ընկեր Հայկն իրեն մատուցելու հնարավորություն ստանա:

«Գործող քաղաքապետի հրաժարականն այս պահին իշխանությանը շատ էր հարկավոր, նրանք հարկադրանքի ուժով հորեղբոր տղաներին հանեցին իրար

դեմ, Վարդան Ղալումյանին շանտաժով հրաժարականի թուղթ դեմ արեցին, որ ստորագրի, ինչ է թե՝ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանը նստի էդ պոստին»,- 168.am-ի հետ զրույցում ահա այսպիսի վարկած են առաջ քաշում իջևանցիները և պատճառաբանում, որ փայտանյութի համար իջևանցիների հայտնի բախումներից հետո այստեղ վարչապետի ռեյտինգն անասելի անկում է ապրում, իսկ դա քավորին ընտրությունների շեմին չէր խոստանա ոչ մի հաղթանակ, ուստի կառավարությունում ընտրվեցին վաղաժամ նշանակման ելքերը:

Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ով վարչապետի համար ցանկալի քաղաքապետացու, քավոր Հայկ Ղալումյանի հորեղբոր որդին է, անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց: Նկատենք, հրաժարականի դրդապատճառների մասին Վարդան Ղալումյանն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց, մինչդեռ իշխանական մամուլը նրա հրաժարականի տեքստում ակնարկում էր Վ. Ղալումյանի նկատմամբ հարուցված Քրեական գործի մասին (նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով), որով ճնշում գործադրվեց նրա դեմ։

Մամուլում շրջանառվող վարկածի համաձայն՝ հեղափոխական իշխանությունը շանտաժի ուժով հասել է իր ուզածին:

«Իջևանում դեկտեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականը, ըստ լուրերի, պարտադրվել է գործող իշխանությունների կողմից։ Ղալումյանին, ում նկատմամբ անցած շաբաթ քրեական գործ է հարուցվել, ուղիղ ասվել է` կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ։ Իսկ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- գրել է մամուլը: