ԼՀԿ-ն առաջարկում է փոխել ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները


15:00 , 13 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ազգային  անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները նույնացնել պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ սեպտեմբերի 13-ին նիստում ներկայացրեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների նշանակման հետ կապված՝ մենք խնդիր էինք տեսել: Կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ մենք միշտ նշում էինք, որ սրանք քաղաքական մարմիններ են և, հետևաբար, պետք է լինեին կառավարության կազմում, սակայն դա չընդունվեց: Հիմա մենք բերում ենք մի նախագիծ, որն, ըստ էության, այդ տրամաբանության շրջանակում է: Առաջարկում ենք, որ այս երկու հիմնական քաղաքական մարմինների ղեկավար անձինք նշանակվեն՝ հաշվի առնելով այն ցենզերը, որոնք դրված են պատգամավորների առջև»,- ներկայացրեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական երկրների տրամաբանությամբ՝ ղեկավար անձանց առջև դրվող չափանիշները բաժանվում են մի քանի մասի.պատգամավորների առջև դրվող չափանիշներ, որոնք նույնական են կառավարության անդամների չափանիշների հետ, դատավորների առջև դրվող չափանիշներ և անկախ կամ սահմանադրական այլ մարմինների առջև դրվող չափանիշներ: «Տվյալ դեպքում Ազգային անվտանգության և ոստիկանության մարմինները, ըստ էության, պետք է հավասարեցված լինեն պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշներին»,-նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը, միևնույն ժամանակ, ունի նաև քաղաքական բաղադրիչ՝ հաշվի առնելով անցումային հասարակությունների, նաև ետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ քաղաքական միջավայրը փոփոխությունների է ենթարկվում, և նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարևորագույն պաշտոններում: «Եվ ստացվում է, որ նոր քաղաքական իշխանությունը ստիպված է լինում ղեկավար անձանց նշանակել արդեն իսկ ներքին այդ համակարգում եղած պաշտոնատար անձանցից մեկին: Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանն ազատել այս կաշկանդվածությունից՝ նաև հաշվի առնելով խորհրդարանական երկրի փիլիսոփայությունից բխող տրամաբանությունը»,-ասաց պատգամավորը: