«Իրատես». «Իմ քայլի» այն պատգամավորներին, որոնք կտրականապես դեմ են «Ամուլսարի» շահագործմանը, ասվել է՝ սլաքներն ուղղել դեպի կառավարություն
09:40 , 13 սեպտեմբեր, 2019
«Ամուլսարի հանքը շահագործելու հարցը պատուհասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Ակտիվիստի թիկնոցը հանած ու մանդատ ստացածներից շատերը նախկին իշխանության ժամանակ Ամուլսարի շահագործման պայքարի առաջամարտիկներից են եղել, այժմ, սակայն, հարցը դրված է շատ հստակ և ուղիղ՝ հանքը վաղ թե ուշ շահագործվելու է, և այդ հարցում խորհրդարանական մեծամասնությունը պետք է միասնական դիրքորոշում ունենա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է հաստատում՝ խմբակցությունը համաձայն է վարչապետի դիրքորոշման հետ: Նախկին ակտիվիստ պատգամավորները թեև ամեն կերպ փորձում են թաքցնել, թե իրենց ներսում ոչինչ էլ չի կատարվում, այնուամենայնիվ, լրագրողներին տեսնելուն պես շփոթվելն ու աներևութանալը վկայությունն են այն բանի, որ «քայլ արածների» ջրերը նույն առվով չեն հոսում:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, օրինակ, մի ամբողջ օր խուսափելով լրագրողների հետ առերեսվելուց, ավելի ուշ բարի էր գտնվել ու երկու նախադասություն ասել, թե հանքի շահագործման մասով ներկայացրել է իր մտահոգությունները: Փաստորեն, եթե «Սերժի ժամանակ» տիկին Նազարյանը դեմ էր Ամուլսարը հանք դարձնելուն, այժմ ընդամենը մտահոգություններ է ներկայացնում: