Իսկ հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հարազատներին ո՞վ պետք է վճարի


17:51 , 12 սեպտեմբեր, 2019

Ծանր թեմա է, բայց պետք է խոսել: Մարտի 1-ի զոհերի հարազատներին վարչապետ Փաշինյանը բյուջեից յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ է տրամադրել: Հիշեցնում եմ՝ անհայտ է, թե 2008թ.-ի մարտի 1-ին ովքեր են սպանել 10 մարդու, և քրեական գործի շրջանակներում սպանելու կամ սպանության հրահանգ տալու գործով որևէ մեղադրյալ չկա:

Հարց է առաջանում. քանի որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հրապարակային գործունեություն են վարում, պատրա՞ստ են նաև հրապարակայնորեն պատասխանել` արդա՞ր է, որ վարչապետն իրենց 30 միլիոն է տվել, իսկ հայրենիքի համար զոհվածների ընտանիքների մեծամասնությանը քոռ կոպեկ էլ չի տալիս: Կմիանա՞ն զոհվածների ծնողներն այսօր առաջ քաշված պահանջին` իրենց ևս յուրաքանչյուրին 30 միլիոն տալ, որովհետև այնպիսի ընկալում կա, որ Մարտի 1-ի զոհերի արյունը տարիներով շահարկածները եկել են իշխանության, հիմա այդ շահարկումների համար վարձահատույց են լինում պետական բյուջեից, հարկատուի փողերից: Իսկ հայրենիքի պաշտպանության համար նահատկվածների հարազատներին ո՞վ պետք է վճարի: Հարցը, բնավ, փողը չէ, հարցը մոտեցումն է: Ոչ մի փող, անկախ քանակից, չի կարող զոհվածի կնոջ, երեխայի, հոր ու մոր վիշտը սփոփել, աշխարհում չկա նման փողի ծավալ: Հարցը երևույթն է, մոտեցումը, եթե կուզեք` հանրային բարոյականությունը: Այս մարդիկ իրենց անտեսված են զգում, այս մարդիկ հայրենիքի պաշտպանության համար զոհված իրենց հարազատի գործի նկատմամբ անտարբերություն և անտեսվածություն են զգում: Եվ այս հարցը պետք է լուծել, օր առաջ է պետք լուծել: