«Այսօր երկրորդ անգամ ծնված երեխուս տուն եմ տանում». բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը


15:54 , 12 սեպտեմբեր, 2019
«Այսօր երկրորդ անգամ ծնված երեխուս տուն եմ տանում: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն՝ նրան նորից գրկելու»,- բժիշկների հետ զրույցում ասաց մայրը՝ Արաքսին:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ, ու նա գիտակցության էր եկել, իսկ այսօր արդեն ժպիտը դեմքին դուրս գրվեց ԲԿ-ից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին: