Լարված իրավիճակ՝ Շենգավիթի նստավայրի առջև. մեկ անձ բերման է ենթարկվել


14:40 , 12 սեպտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև իրավիճակը լարված է. ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջով առավոտից այստեղ են նրա աջակիցները՝ «Այստեղ դատում են Արցախի հաղթանակը», «Այստեղ դատում են Արցախի հերոսին» և այլ վերտառությամբ պաստառներով:

Դատարանի առջև էին նաև ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնողները: ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հորդորում էր պահպանել կարգը:

Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկ անձ ավելի վաղ բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկ անձ դատարանի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, որն է՝  Զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Զարուհի Դիլանյան