Հարգելի Սերժ Թանկյան, Ձախ Հարութը հեղափոխական չի եղել, բայց նա որոշել է տուն գնել Հայաստանում. Դո՞ւք երբ եք պատրաստվում կատարել Ձեր խոստումը


14:01 , 12 սեպտեմբեր, 2019

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Ձեր իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության օրերին, երբ Դուք քաղաքական հյուրախաղերի էիք Հայաստանում, Լոս Անջելեսում սուլեցին Ձախ Հարութին` որպես նախկին հանցավոր իշխանության դիմաց «խոնարհված» արվեստագետի: Այնուամենայնիվ, իր արվեստով հայության առնվազն երկու սերունդների ոգևորած և ոգեշնչած Ձախ Հարութը որոշել է տուն գնել Հայաստանում:

Ի տարբերություն Ձեզ` Ձախը հեղափոխական չի եղել, նախկին հանցավոր իշխանությունների դեմ չի պայքարել, նախկին հանցավոր իշխանությունների դիմաց չի խոնարհվել: Նա նույնիսկ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ չի պայքարել և խոսք չի տվել, առավել ևս` ժողովրդի վարչապետին, բնակարան գնել Հայաստանում: Բայց Ձախը դա անում է: Իսկ Դուք` որպես «դուխով» կեպկա գլխներիդ դրած, որպես միտինգային հարթակներից «դըմփ-դըմփ-հու» վանկարկած ակտիվ հեղափոխական, ե՞րբ եք պատրաստվում կատարել ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: