Մենակությունը հանգեցնում է վաղաժամ մահվան. գիտնականների 4 վախեցնող փաստերը մենակության մասին


10:50 , 12 սեպտեմբեր, 2019

Պարզվում է, որ մենակության փիլիսոփայությունը տեղ է գտել ոչ միայն գրքերում, պոեզիաներում ու ոգեշնչված ստեղծագործություններում, այլ նաև գիտնականների հետազոտության կենտրոնում։ Ու մինչ շատերիս թվում է, թե մենակությունը միայն հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա, գիտնականները պարզել են, որ մենակությունը նաև կարող է ազդեցություն թողնել ֆիզիկական առումով։ Առաջարկում ենք ծանոթանալ գիտնականների պարզած 4 փաստի, որոնք մենակության վախն ավելի են խորացնում։ 

1. Մարդը մենակությունը զգում է այնպես, ինչպես ֆիզիկական ցավը

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսորների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդը մենակությունը կարող է զգալ այնպես, ինչպես ֆիզիկական ցավը, իսկ խրոնիկ մենակները տառապում են ավելի ուժեղ ցավերից։ Մեր գլխուղեղը մենակությունն ընկալում է այնպես, ինչպես կընկալեր անսպասելի ու տանջող հարվածը, ու եթե այն սկսում է կենտրոնանալ մենակ մնալու հանգամանքի վրա, ապա կարող է ազդակներ արձակել, որոնք նույնքան ցավոտ կլինեն, որքան ֆիզիկական ցավն ու հարվածը։ 

2. Մենակությունը թույլ չի տալիս քնել 

Հետազոտողների մեկ այլ խումբ պարզել է, որ մենակությունը կարող է հանգեցնել անքնության։ Պարբերաբար կրկնվող անքնությունները պատճառն են նրա, որ մարդ մենակ է։ Մենակության զգացողությունը հաճախ թույլ չի տալիս քնել։ Թվում է, թե օրն անցել է լարված, ու ֆիզիկական այլևս ուժ չկա քնելու համար, սակայն ինչ-որ բան, միևնույն է, թույլ չի տալիս փակել աչքերն ու հանգիստ քնել։ Ըստ այդ հետազոտողների՝ հենց այդ ինչ-որ բանը մենակությունն է։ Նրանք վստահեցնում են, որ մարդիկ, ովքեր մենակ չեն ու ունեն սիրելի իրենց կողքին, ավելի քիչ են տառապում անքնությունից։ 

3. Մենակությունը հանգեցնում է վաղաժամ մահվան 

Թերևս մենակության մասին ամենավախեցնող հետազոտությունը հենց այս մեկն է։ Հետազոտությանը մասնակցել է արդեն 45.000 մարդ։ Բոլոր այս մարդիկ ունեցել են սրտի արատ։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հավասարաչափ ու նմանատիպ սրտի արատով տառապող մարդկանցից ավելի վաղ մահանում են նրանք, ովքեր կա՛մ մենակ են ապրել, կա՛մ, մենակ չապրելով հանդերձ, միշտ բողոքել են մենակության զգացողությունից ու մեկուսացել սիրելիներից ու հարազատներից։ 

4. Մենակ մարդիկ ավելի քիչ աշխատունակ են 

ԱՄՆ-ում անցկացված մեկ այլ հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ մենակ մարդիկ ավելի քիչ աշխատունակ են։ Հետազոտությանը հիմնականում մասնակցել են կամավոր աշխատողներ։ Բոլոր այն կամավորները, ովքեր խոսոտվանել են, որ մենակ են ու ոչ ոք չունեն իրենց կողքին իրենց աշխատանքում ավելի վատ ցուցանիշներ են ցուցաբերել, քան նրանք, ովքեր ունեցել են սիրելի մարդ, ընկերներ ու շրջապատված են եղել սիրով ու ուշադրությամբ։ 

Այսպիսով՝ գիտնականները փաստում են, որ մենակությունը կարող է հանգեցնել նաև ֆիզիկական ու առողջական խնդիրների, ուստի նրանք հորդորում են մենակ չլինելը համարել առողջ ապրելակերպի մի մաս ու զերծ մնալ մենակության հոգեբանությունից։