Ադրբեջանը սեպտեմբերի 9-11-ը հրադադարը խախտել է 43 անգամ. կիրառվել են «Իստիգլալ», «ՊԿ» և «ՍՎԴ» զինատեսակներ


18:00 , 11 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում 43 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը: 

Ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում «Իստիգլալ», «ՊԿ» և «ՍՎԴ» զինատեսակներից 23 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 20 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը: 

Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: