Ուղևորների ծեծկռտուքը ստիպել է օդաչուին կես ճանապարհից հետ դարձնել ինքնաթիռը


00:18 , 12 սեպտեմբեր, 2019

Ավստրալական Qantas ավիաընկերության ինքնաթիռը, որը Սիդնեյից Կանբերա էր ուղևորվում, կես ճանապարհից վերադարձել է ինքնաթիռում վիճաբանող ուղևորների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։

Ականատեսների խոսքերով՝ թռիչքի ընթացքում երկու ուղևոր սկսել են վիճել. նրանցից մեկը հրաժարվել է անջատել հեռախոսը մյուսի խնդրանքով։ Դրանից հետո դիտողություն արած տղամարդը խլել է համառ ուղևորի հեռախոսը և նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։

Ավելի ուշ նրանց միջամտել է բորտուղեկցորդուհին՝ ասելով, որ ուղևորներին սմարթֆոններից օգտվել արգելելն իր պարտականությունն է։ Արդյունքում օդաչուն բարձրախոսով հայտարարել է, որ որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան՝ տղամարդկանց իջեցնելու համար։

Վայրէջքից հետո Սիդնեյի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները դիմավորել են ինքնաթիռն ու սրահից դուրս հանել կարգազանցներին։ Մնացած ուղևորները Կանբերա են հասել 25 րոպե ուշացումով։