Ամերիկյան բժշկական ասոցիացիան կոչ է անում զերծ մնալ էլեկտրոնային ծխախոտից


19:00 , 11 սեպտեմբեր, 2019

Ամերիկյան բժշկական ասոցիացիան (ԱԲԱ) կոչ է արել զերծ մնալ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱԲԱ-ի հայտարարության մեջ նշված է. «Երկրում էլեկտրոնային ծխախոտի հետ կապված թոքային հիվանդությունների տարածումն ապացուցում է, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը և վեյփինգը համաճարակի բնույթ են ստացել»:

ԱԲԱ-ն ԱՄՆ-ում բժիշկների առավել հայտնի և ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ շնչառական խնդիրներ, կրծքավանդակում ցավ կամ հազ ունեցող վեյփերները պետք է անմիջապես դիմեն բժշկի:

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) իր հերթին էլեկտրոնային ծխախոտի խոշորագույն արտադրող JUUL ընկերությանը նախազգուշացրել է՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման՝ իր արտադրանքի անվտանգության մասին անհիմն հայտարարություններ տարածելու մեջ:

Վեյփինգը ԱՄՆ-ում թոքաբանական խանգարումների վերջերս հայտնաբերված 450 դեպքի պատճառն է համարվում, որի հետևանքով մահվան 5 ելք է գրանցվել: