Շիշկին-Պողոսյան. հետաքրքրիր զարգացումներ


16:36 , 11 սեպտեմբեր, 2019

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտնել է, որ տեղեկատվություն չունի Միհրան Պողոսյանին ՌԴ կողմից ապաստան տրամադրելու մասին, ընդ որում՝ դեսպանը նշում է. «Այն, որ անձը գտնվում է ՌԴ-ում, դեռ չի նշանակում, որ ստացել է քաղաքական ապաստան»:

Կոպիրկինի նշած «տեղեկատվություն չունենալ»-ը շատ բան կարող է նշանակել. գուցե Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալու հերքում, գուցե հաստատում, գուցե պատասխան Շիշկինի հետ կապված մեր Միգրացիոն ծառայության «ոչ հերքում, ոչ հաստատում» ոճին. какой привет, такой ответ.

Բայց միևնույն ժամանակ, օդում պտտվող լուրերի համաձայն, Հայաստանն արտահանձնել է Շիշկինին: Թե ինչ նպատակով են այդ լուրերը դաշտ նետվել, կարելի է բազմապիսի տարբերակներ առաջարկել, այդ թվում՝ հասարակությանն այդ փաստին պատրաստելու հետ կապված:

Ու եթե պարզվի, որ իսկապես դա այդպես է, կամ կա արտահանձնման որոշում, ապա հարց է առաջանում. ինչների՞ս էր պետք մտնել այս խաղի մեջ, որում պարտվելը մեզ համար պարզ էր ի սկզբանե: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ, ինչպես Միգրացիոն ծառայության Հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էր ասում, «փախստականի կարգավիճակով ենթադրվող միջազգային պաշտպանություն» տրվեց երբեմնի հայատյաց դիրքորոշմամբ հայտնի գործչին: