Խորանում է գիտակցված փախուստը իրականությունից, որտեղ «աղբահանության խնդիրը լուծված է», իսկ «մարդիկ ավելի լավ են ապրում»


15:22 , 11 սեպտեմբեր, 2019

Հայկ Մարությանն, ըստ էության, երևանցիներին բացեիբաց հորդորում է. «Հավատացե՛ք ձեր ականջներին, ոչ թե աչքերին. աղբահանության խնդիրը լուծված է»:

Նիկոլ Փաշինյանն էլ նույնն անում է վիճակագրորեն. «Հավատացե՛ք ձեր սմարթֆոնի էկրանին ու հեռուստացույցին, ոչ թե սառնարանին. դուք ավելի լավ եք ապրում»:

Ու իրական, մեծ խնդիրն էլ դա է․ ոչ թե խնդիրների առկայությունը, այլ դրանց գոյության՝ գնալով էլ ավելի աղճատվող ընկալումը: Հենց այսպես են իշխանությունները քայլ առ քայլ կտրվում իրականությունից ու կորցնում նրա զարկերակը: Իսկ իշխանության կորուստը սկսվում է հենց այդտեղից: Այդպես է քաղաքականության ու աշխարհի բանը: Սկզբում դու իրականությունն աղճատում ես պահի քաղաքական նպատակահարմարությունից ու քո քաղաքական շահերից ելնելով, հետո արդեն մի պահ հասկանում ես, որ այդ` քո իսկ երևակայության մեջ, քո իսկ կողմից աղճատված իրականությունում ապրելն ու կառավարելը շատ ավելի հեշտ ու նախընտրելի է:

Ու խորանում է գիտակցված փախուստը իրականությունից դեպի երևակայական իրականություն, որտեղ «աղբահանության խնդիրը լուծված է», իսկ «մարդիկ ավելի լավ են ապրում» մինչև այն պահը, երբ իրականությունն իր ճիշտ ժամանակին կամ մի քիչ էլ ուշացած հայելու նման կանգնում է դեմ-հանդիման ու պահանջում վճարել հաշիվը: