ՍԴ որոշումը ցանկությունների հուշագիր չէ, այլ պարտադիր է բոլորի համար. Արամ Օրբելյան (Video)


15:04 , 11 սեպտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման, դրա կատարման ապահովմանը վերաբերող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ:

– Պարոն Օրբելյան, Դատախազությունը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար բավարար հիմքեր չկան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Այդտեղ երկրորդ կարծիքի հիմք չենք տեսնում: Դատախազությունը ՍԴ որոշման տեքստից՝ պատճառաբանական մասից, ինչ-որ հատվածներ առանձնացնելով՝ փորձել էր ցույց տալ, որ իրենք գնահատել են և, ըստ էության, մեղադրանք է առաջադրված պաշտոնեական կարգավիճակից չբխող գործողությունների համար։ Այնինչ՝ տեքստը ուղղակիորեն նախատեսում է, որ օրենսդրության բացի պատճառով չկա ընթացակարգ կառուցակարգ, որի միջոցով Սահմանադրությանը համահունչ հնարավոր կլիներ գնահատել՝ արդյո՞ք գործողությունները բխել են կարգավիճակից, թե ոչ։ Որպեսզի հիմա չստացվի, որ ինչ-որ պարագրաֆների վրա մենք ենք հղում անում, որոշ պարագրաֆների վրա Դատախազությունն է հղում անում` ամենակարևորը եզրափակիչ մասն է։ Եզրափակիչ մասում ուղղակիորեն նախատեսել է, որ Քրեական դատավարության օրենսգրքում առկա բացը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին։ Դա այն կետն է, որը վերաբերում է կալանքին։ Այսինքն՝ ՍԴ-ն ուղղակիորեն նախատեսել է՝ անհատական դիմումի` Ռոբերտ Քոչարյանի դիմումի վրա, որ 27-րդ հոդվածով նախատեսված իրավունքները խախտվել են։ Հետևաբար՝ ասել, որ հիմքեր չկա, գտնում ենք, որ այս դեպքում, ինչպես կես կատակ, կես լուրջ ասում են՝ տպիչը մինչև վերջ չի տպել, ես, որպեսզի կատակ չանեմ, ըստ էության այստեղ խնդիր եմ տեսնում՝ լրջագույն։ Դատախազությունը, Սահմանադրությամբ օժտված լինելով նաև որոշակի գործառույթներով օրինականության ապահովման, ունի առաջնային պարտականություն՝ իր կողմից անել գործողություններ, որպեսզի այդ խախտումը վերացվի և կալանքը րոպե առաջ դադարեցվի։ Դրա փոխարեն փորձ է արվում տալ ինչ-որ մեկնաբանում, պարզաբանում, որ համապատասխանաբար հիմքեր չկան։

- Համենայն դեպս՝ դատախազության նման դիրքորոշման, արձագանքի պայմաններում  ի՞նչ եք կարծում, դատաիրավական համակարգն այսօր պատրա՞ստ է քայլեր ձեռնարկել ՍԴ որոշումն ի կատար ածելու ուղղությամբ։

- ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար. պարտադիր է ՝ ՀՀ տարածքում՝ դատարանների, դատախազության, մասնավոր անձանց համար, այսինքն՝ ըստ էության համապարտադիր դատական ակտ է։ Դա ցանկությունների հուշագիր չէ, գիտական վերլուծություն չէ, դա դատական ակտ է, որով արձանագրվել է համապատասխան իրավունքի խախտում։ Այսինքն՝ օրենքի բացի հակասությունը Սահմանադրության հետ, այն օրենքի բացի, որը պետք է կիրառվի կամ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հիմա, եթե մենք դիտարկենք լրիվ աբստրակտ համատեքստում, այսինքն՝ մոռանանք մնացած ամեն ինչ և համատեքստից դուրս գայինք, աբստրակցիայի մեջ նայեինք, հայտարարությունը կարելի է դիտել դատավարական օպոնենտի հայտարարություն՝ մեկ բայց-ով։ Ինչպես նշեցի՝ Դատախազությունը Հայաստանում մաքուր դատավարական օպոնենտ չի, այն ունի նաև օրինականության ապահովման որոշակի գործառույթ եւ որոշակի մտահոգություններ առաջանում են։ Ամեն դեպքում դատական համակարգերի հետ կապված որոշակի լավատեսություն ունեմ։ Կարծում եմ, որ ՍԴ այս որոշումը դատարանը չի կարող չկատարել։  Բանավոր աշխատակազմից ունենք տեղեկատվություն, որ 12-ին պետք է քննվի, չնայած նորից մուտք ենք արել դիմումը՝ խնդրելով անհապաղ կատարել, որովհետև, ըստ էության, արդեն պարզ է, որ տեղի է ունենում անձի անձնական ազատության իրավունքի խախտում։

- Պարոն Օրբելյան,  Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ եք կարծում, նման պայմաններում դատավոր Աննա Դանիբեկյանը ի վիճակի կլինի՞ անաչառ և անկաշկանդ որոշում կայացնել։

- Մենք տեսնում ենք ճնշում դատարանների նկատմամբ։ Բոլորի մոտ, չգիտեմ ինչու, տպավորությունն այն է, որ ճնշումը դա դատավորին պետք է զանգեն, անհատապես վախեցնեն։ Նախ` սկսենք նրանից, որ դա ոնց որ թե տեղի է ունեցել  և գաղտնալսումներն էլ են դեռևս այս պահին անհետևանք են մնացել։ Բայց այդ գաղտնալսումներից մեկ քայլ հետ գալով՝ տեսնում ենք, որ ճնշումներն ունեն տարբեր դրսևորումներ։ Սկսած՝ հանրային պարսավանքից, հանրային վիրավորանքներից՝ կառավարության, ԱԺ տարբեր պատգամավորների կողմից , ավարտված՝ բարեփոխումային փաթեթներով և  ամենաապոգեյը հասավ դատարանների փակելու գործընթացը։ Դատարանը, իր վարույթում գտնվող գործով, որոշում է ընդունել, որ կարող է պատշաճ ապահովել Ռոբերտ Քոչարյանի պահվածքը անձնական երաշխավորության միջոցով, դրան գալիս է այնպիսի ռեակցիա, որ դատարանները փակենք, վիրահատական միջամտություն, որին հաջորդում է՝ կաբինետի խուզարկություն, նյութերը վերցնել, նյութերը չուղարկել Վերաքննիչից Առաջին ատյանի դատարան։ Այսինքն՝ պրոցես, որտեղ մենք տեսնում ենք ռեպրեսիվ գործընթացներ։ Դրանից հետո պնդել, որ Աննա Դանիբեկյանը անձամբ ճնշման տակ չի կամ ճնշման տակ է՝ սուտ կլինի։ Այստեղ ամենամեծ ռիսկն այն է, որ  ունենանք ինքնացենզուրա։ Այսինքն՝ պետք չի դատավորներին ո՛չ զանգել, ո՛չ ասել, իրենք կիմանան՝ դատախազությունն ինչ-որ ասեց, կառավարությունն ինչ-որ ասաց, պատգամավորները ինչ-որ ասացին, նման որոշում է պետք՝ ժողովրդահաճո՝ ոչ միշտ  ժողովրդահաճո՝ կառավարահաճո։ Այսինքն՝ սա շատ ռիսկային է։ Սա մարդու իրավունքների ապահովման տեսակետից ամենառիսկային կետերից մեկն է վերջին ժամանակների զարգացումների մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում