Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ. 5 հոգեբանական մեթոդ՝ հասկանալու համար, որ նա «քո մարդն» է


12:02 , 11 սեպտեմբեր, 2019
Ասում են՝ ամբողջ կյանքում մեզնից յուրաքանչյուրը փնտրում է «իր  մարդուն»: Մենք մեր կյանքի ընթացքում առնչվում ենք հազարավոր դեմքերի հետ, ովքեր անտանելի են, միշտ ժպտում են կամ երբեք չեն կարողանում ի սրտե ծիծաղել, ովքեր լացում ու գոռում են բարձրաձայն կամ մոռանում են անգամ մի կաթիլ արցունք թափել, որովհետև թաղված են իրենք իրենց մեջ, ովքեր անտանելի բյուրոկրատ են կամ չափազանց անմիջական ու դեմքերի այս կույտի մեջ մենք միշտ փնտրում ենք այն դեմքը, որը ամենաշատը կտպավորվի, ամենաշատը հարազատ կդառնա: Ու հենց այդ փնտրտուքի ճանապարհին է, որ հոգեբաններն առաջարկում են հետևյալ մեթոդները քո մարդուն ճանաչելու համար:
Հոգեբան Սյուզան Էլիոթը վստահեցնում է` եթե դուք հաշտ չեք ինքներդ ձեզ հետ, ուրեմն՝ երբեք չեք գտնի այն միակին, ում փնտրում եք: Մարդը փորձում է լցնել իր ներսի դատարկությունը ուրիշ մեկի միջոցով, ու այստեղ է, որ նա սկսում է գտնել սխալ մարդկանց, ովքեր այդ դատարկությունն ավելի են խորացնում: Ինչևէ, «քո» մարդու սինդրոմները հետևյալներն են․
1. Դու հասկանում ես, որ երջանիկ ես այն ժամանակ, երբ նա է երջանիկ, ու մոռանում ես, թե ինչ է նշանակում լինել եսասեր: Քո մարդու հետ դու ինքնաբավ ես, նրա երազանքները քոնն են, քոնը` նրանը:
2. Քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս քո շրջապատում, մեկ-մեկ բարկանում են քեզ վրա, մեկ-մեկ՝ հիանում, իսկ շատ հաճախ՝ գովեստի խոսքեր շռայլում: «Քո» մարդը միշտ հայտնում է իր կարծիքը քո սխալների մասին, ասում, որ ճիշտ չես, ու փորձում օգնել, որ հաղթահարես խնդիրներդ:
3. Նրա հետ դու հանգիստ ես: Ո՛չ, դա չի նշանակում, որ կոնֆլիկտներ չեն լինում, բայց դրանք չեն կատաղեցնում քեզ, որովհետև դու զգում ես, որ հոգիդ խաղաղվում է նրա հետ, այն կարծես գտել է իր ապաստանն, ու վեճերն ավելի շատ կատակներ են դառնում, որոնք ավելի են ամրացնում ձեր միասնությունը:
4. Նրա հետ չկան դերային բաշխումներ, դուք ազատ եք շփման մեջ, չեք կոմպլեքսավորվում իրարից, չեք փորձում իրար վրա տպավորություն գործել, կոկետություն անել, դուք ուղղակի դուք եք, ու դա իրոք որ երջանկություն է:
5. Նրա հետ բարձրանում է քո գիտակցության մակարդակը: Դու սկսում ես ինքնազարգանալ, կյանքին նայել այլ գույներով: Դու գիտես, որ ինքը միշտ քո կողքին կլինի անգամ քո ամենաաբսուրդ որոշումներում ու երբեք չի խոչընդոտի քո առաջընթացին, ընդհակառակը՝ կնպաստի դրան: Դու գիտես, որ նրա հետ հանգիստ է քո շրջապատը, ընտանիքը, դու գիտես, որ նա հպարտանում է քեզնով, ինչ էլ որ լինես այդ պահին: