Apple-ի ամենամյա շնորհանդեսին ներկայացվեց նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը. iPhone 11 Pro-ն հասանելի կլինի 4 երանգով (Photo, Video)


10:48 , 11 սեպտեմբեր, 2019

Ինչպես հաղորդվեց, Apple-ի խանութներում կգործի Apple Watch Studio տաղավարը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա իր համար ցանկացած գոտի ընտրել՝ այն համադրելով Apple Watch սմարթ ժամացույցի կորպուսի հետ:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ին Apple-ը պատրաստվում է վերաբացել Նյու Յորք Սիթիի Հինգերորդ պողոտայի հայտնի խանութը, որը փակվել էր վերանորոգման նպատակով: Այժմ այն Apple–ի ամենամեծ խանութն է աշխարհում:

iPhone 11 Pro մոդելի արժեքը կմեկնարկի 999 դոլարից, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 1099 դոլարից: Նախնական պատվերները կընդունվեն սեպտեմբերի 13-ից: iPhone XR-ի արժեքը կմնա 599 դոլար, իսկ iPhone 8-ինը՝ 499 դոլար:

Նորագույն սմարթֆոնները կլինեն առավել ջրակայուն և դիմացկուն փոշու նկատմամբ, ինչպես նաև կունենան անլար լիցքավորման հնարավորություն:

Pro մոդելի գլխավոր առանձնահատկությունը երեք ոսպնյակ ունեցող 12 ՄՊ կետայնությամբ տեսախցիկն է:

Առաջին անգամ «Այֆոններում» գործարկվել է տեսախցիկի Deep Fusion գործառույթը, որը թույլ է տալիս 9 տարբեր լուսանկարներ անել մեկ հպումով, ինչպես նաև լուսանկարներ ստեղծել՝ ներառելով բոլոր մանրուքները:

Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, iPhone 11 Pro սմարթֆոնի պարագայում այն 4 ժամով ավելի երկար կտևի, քան XS մոդելինը, իսկ 11 Pro Max-ի պարագայում՝ 5 ժամով ավելի երկար, քան iPhone XS Max-ինը:

iPhone 11-ի մարտկոցն առանց վերալիցքավորման կաշխատի մեկ ժամով ավելի երկար, քան iPhone XR մոդելինը: Գաջեթը կարժենա 699 դոլար: Նոր iPhone-ը կաշխատի Apple-ի A13 Bionic chip պրոցեսորով, որն, ընկերության պնդմամբ, ամենաարագն է, որը երբևէ ներկայացվել է սմարթֆոններում:

Սմարթֆոնը ներկայանում է 12 ՄՊ տեսախցիկով, որն առավել լավ լուսանկարներ կպատկերի նաև գիշերային ռեժիմով: Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկը թույլ կտա պատկերել մինչև 120 ատիճան տեսադաշտով կադր:

Apple Watch Series 5 մոդելի մարտկոցն աշխատում է 18 ժամ: Այն համալրված է ներկառուցված կողմնացույցով: Այս մոդելի արժեքը մեկնարկում է 399 դոլարից, իսկ Apple Watch Series 3 մոդելը կարժենա 199 դոլար: Գաջեթը հասանելի կլինի ոսկեգույն, արծաթագույն և տիեզերական մոխրագույն երանգներով:

iPad-ը ներկայանում է 10.2 դյույմ անկյունագծային Retina էկրանով, մինչդեռ նախորդ սերնդի մոդելը 9.7 դյույմ անկյունագծով էկրան ուներ: Նորագույն մոդելը համալրված է Apple-ի Smart Connector-ով, որի միջոցով գաջեթը հնարավոր կլինի միացնել Apple-ի սմարթ ստեղնաշարին (Apple smart keyboard):
Նորագույն iPad-ը, որը պատրաստվել է վերամշակվող ալյումինից, կարժենա 329 դոլար: Այն արդեն կարելի է պատվիրել այսօր: