Երբ Կարապետյանը խոսում է «նախկին հանցավոր ռեժիմից», ո՞ր նախկինին նկատի ունի, Քոչարյանի՞ն, ում արտաքին քաղաքականությունը ատամներով պաշտպանում էր


13:36 , 10 սեպտեմբեր, 2019

Վլադիմիր Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի մոտ ԱԳՆ-ում մամլո խոսնակ էր աշխատում, այսինքն՝ Քոչարյանի արտաքին քաղաքականությունն էր հրապարակայնորեն հիմնավորում, պաշտպանում, բացատրում: 2008-ի նախագահական ընտրություններին շանս տեսավ «ռիվոգով» Տեր-Պետրոսյանի ճամբարում հայտնվելու և մի լուրջ բան ստանալու համար: Չստացվեց, ուստի ստիպված ՀԱԿ-ում էր, ժամանակ առ ժամանակ Փաշինյանի ՔՊ-ի հետ քաղաքական գզվռտոցների էր մասնակցում, իր վրա գրում-ջնջում էին, ինչ ասես, իրար ասում էին: 2018-ի իշխանափոխությանը չի մասնակցել, բայց հետո ՀԱԿ-ից ցատկեց ժողովրդի վարչապետի գրասենյակ՝ ստանձնելով խոսնակի պաշտոնը: Բոլորի մոտ հարց է. երբ պարոն Կարապետյանը խոսում է «նախկին հանցավոր իշխանություններից ու ռեժիմից», ո՞ր նախկինին ի նկատի ունի՝ Տեր-Պետրոսյանի իշխանությո՞ւնը, ում օրոք ԱԳՆ-ում պաշտոններ էր վարում և հետո ՀԱԿ-ում էր, իսկ միգուցե ի նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի՞ շրջանը, երբ պիոներական ջանասիրությամբ ատամներով պաշտպանում էր քոչարյանական արտաքին քաղաքականությունը:

Սա դեռ վերջը չէ: Վլադիմիր Կարապետյանը կողմ է Ամուլսարի շահագործմանը: ՀԱԿ-ը դեմ է, այսինքն, եթե 2018-ին ՀԱԿ-ում էր և փողոց դուրս չէր եկել, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանին առանձնապես չէր հավատում: Հետո հավատաց ու գնաց վարչապետի գրասենյակ՝ կաբինետով, վարորդով, քարտուղարուհիով-բանով: Այսինքն՝ որ ՀԱԿ-ում լիներ, դեմ կլիներ ու կհիմնավորեր, բայց քանի որ ՀԱԿ-ում չէ, ապա հանուն ժողովրդի վարչապետի՝ կողմ է հանքի շահագործմանը:

Ասածս ի՞նչ է․ ղուրբան ըլնեմ ձեր սկզբունքային ջանին: