Հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից. դա ոչ միայն վիրավորանք է ժողովրդին, այլև ապտակ և անարգանք


12:26 , 9 սեպտեմբեր, 2019
Այլևս, ըստ էության, հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է վա բանկ` հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով:

Շնորհիվ փաշինյանապաշտների ֆանատիզմի և նրանց կռապաշտական փառաբանումների` իրականությունից անչափ կտրված այս մարդն այլևս անցնում է Ռուբիկոնը Ամուլսարի և ժողովրդական վստահության հարցում:

Այսօրվա նրա ուղերձն՝ Ամուլսարի հարցով, ոչ միայն վիրավորանք է ժողովրդին, այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին:

Դա նաև վիրավորանք է մեր բոլորի ինտելեկտին, որը հասցնելիս շաղ է տրվում ոչինչ չնշանակող, բայց գեղեցիկ բառերից բաղկացած մի անիմաստ բառակույտ, որի իսկական իմաստը միայն ու միայն իրական իրավիճակը շղարշելն է:

Անթույլատրելի է նաև հանքի բացումը ինչ-որ միֆական, միստիկական անվտանգային հարցերի հետ կապելը, որ նման է սեփական երկիրը շանտաժի ենթարկելուն և անչափ նման է արտաքին սպառնալիքներով սեփական ժողովրդին վախեցնելուն:

Սուտն ու կեղծիքը պետք է չհանդուրժվեն այլևս Հայաստանում: Անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա: Երկրակործան այս ծրագիրը վիրավորական ստերով այս ժողովուրդը չի հանդուրժելու: Ամուլսարի վրա շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակին հատուկ ստերիլությամբ և անվնասությամբ բաց մետաղական հանքը բնորոշող վարչապետը պետք է հստակ ուղերձ ստանա ժողովրդից, որ ժողովուրդն անուղեղ չէ, հիմար չէ, անինքնասեր չէ և իր կամքն իրեն անարգող կառավարչին պարտադրելու իրավունք ունի:

Ամուլսարը սար է մնալու:

#SaveAmulsar