Ռ. Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը


13:10 , 7 սեպտեմբեր, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Ինչպես մանրամասնում են փաստաբանական թիմից, միջնորդությունները վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։

Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:

2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: