Օգտվեք այս բացառիկ հնարավորությունից և ժողովրդի վարչապետի տիկնոջից խնդրեք, որ Ձեզ համար բարեխոսի խանութների ցանցեր ունեցող գործարարների մոտ


13:09 , 7 սեպտեմբեր, 2019

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ձեր իրականացրած ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանում մոնոպոլիաներ չկան և օլիգարխներ չկան: Ամենավառ օրինակը՝ երբեմնի մոնոպոլիստ օլիգարխները, որ ժողովրդի վարչապետից ստացան (ըստ օդում կախված լուրերի՝ գնեցին) գործարար կոչումը, խանութների ցանցեր ունեն, որոնց դրամարկղերի մոտ միայն ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամն ունի «բարեգործական» փող հավաքելու արկղեր: Եվ քանի որ ժողովրդի վարչապետի տիկնոջն այսօր հանդիպելու եք Տորոնտոյում՝ Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերային, ապա պատրաստվեք, որ նա Ձեզ հարց է ուղղելու՝ ինչու՞ չեք իրականացնում ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Բարի խորհուրդ. օգտվեք այս բացառիկ հնարավորությունից և ժողովրդի վարչապետի տիկնոջից խնդրեք, որ Ձեզ համար բարեխոսի խանութների ցանցեր ունեցող գործարարների մոտ, որ թույլ տան Ձեզ համար բնակարան գնելու համար արկղեր տեղադրենք դրամարկղերի մոտ և ժողովրդից փող հավաքենք «ով ինչքան կարող է» սկզբունքով: Հավատացեք, գործարարներն ու ժողովուրդը թույլ չեն տա Ձերդ գերազանցություն հեղափոխականին կոտրել վարչապետի սիրտը՝ չիրականացնելով Ձեր իսկ տված խոստումը: Տորոնտոյում անպայման խոսեք այս հարցով ժողովրդի վարչապետի տիկնոջ հետ, և համոզված եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու: