Դանիայի թագուհին հայտարարել է, որ երկիր այցելելու՝ Թրամփին արված հրավերը մնում է ուժի մեջ


22:00 , 6 սեպտեմբեր, 2019

Դանիա այցելելու Մարգարեթ Բ թագուհու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփին արված հրավերը մնում է ուժի մեջ: Այդ մասին միապետը հայտարարել է մամուլի ասուլիսում, որի տեսագրությունը զետեղված է TB2 հեռուստաալիքի կայքում՝ տեղեկացնում է TASS-ը։

«Պատահում է, որ անհրաժեշտություն է ծագում չեղյալ հայտարարելու այցը, և այդ ժամանակ հարկավոր է նայել, թե հնարավոր է արդյոք այն կատարել ավելի ուշ,- պարզաբանել է թագուհին։- Ես հույս ունեմ, որ այցը տեղի կունենա ավելի ուշ, և որ նա (Թրամփը) կասի. «Այ, հիմա ես կարող եմ», քանի որ հրավերը մնում է ուժի մեջ»:

Օգոստոսի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հարցում: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը և Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են քննարկել ինքնավարության վաճառքի հարցը:

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ հետաձգել է սեպտեմբերի 2-3-ը պլանավորված այցը Դանիա և Մարգարեթ Բ թագուհու մոտ ընդունելությունը Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով։