Ինչո՞ւ է Տաջիկստանը շարունակում տարածաշրջանում ամենաաղքատ երկիրը մնալ. պատասխանել է Համաշխարհային բանկը


20:30 , 6 սեպտեմբեր, 2019

Տաջիկստանը շարունակում է մնալ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ամենաաղքատ պետությունը՝ չնայած վերջին երկու տասնամյակում ունեցած աճին և այլ ձեռքբերումներին: Այս մասին նշել են Համաշխարհային բանկի վերլուծաբանները: «Նպաստելով Տաջիկստանի աճին» զեկույցում ասվում է, որ 2000 թվականից ի վեր ՀՆԱ-ի աճն ու աղքատության նվազեցումը հանրապետությունում կայուն տեմպերով առաջ են գնացել, սակայն վերջերս ցուցանիշների փոփոխությունը դանդաղել է:

«Վերջին երեք տարում Տաջիկստանի տնտեսությունը մեծացել է 20%-ով, սակայն աղքատության գործակիցը նվազել է պակաս, քան 2 տոկոսային կետով»,- նշվում է զեկույցում: Մասնավորապես, երկրում աշխատատեղերի ստեղծման և տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխման շոշափելի աճ չի գրանցվել:

«Ռեսուրսները շարունակում են կենտրոնացված մնալ ներքին ոչ առևտրային սեկտորներում, որոնք ցածր արտադրողականություն ունեն»,- ընդգծում են վերլուծաբանները: Մասնագետները կարծում են, որ վերջին տարիներին Տաջիկստանում արտասահմանյան ուղղակի ներդրումների ներհոսքերը զգալիորեն թուլացել են:

«Տաջիկստանը պակաս գրավիչ է, քան մյուս զարգացող շուկաները, որի պատճառը ներքին բիզնես միջավայրի դանդաղ զարգացումն է»,- նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում: Շեշտվում է նաև, որ 2030 թ. Տաջիկստանի կառավարությունը պատրաստվում է բնակչության եկամուտներն ավելացնել 2-3,5 անգամ: