Չինաստանն արհեստական աստղ է ստեղծել, որը 6 անգամ ավելի տաք է, քան Արեգակը


22:45 , 6 սեպտեմբեր, 2019

Միայն պատկերացրեք, թե կարողանում եք արդյունահանված վառելիքը փոխարինել աստղերով: Ոչ, մենք չենք խոսում արևային էներգիայի մասին: Խոսքը միջուկային սինթեզին է վերաբերում: Վերջին ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս մոտենալու վերոնշյալ նպատակին: Ծանոթացեք EAST-ին՝ փորձարարական առաջադեմ գերհաղորդական տոկամակին (Experimental Advanced Superconducting Tokamak):

EAST-ը ջերմամիջուկային ռեակտոր է, որը գտնվում է չինական Հեֆեյ քաղաքում: Այն կարող է հասնել այնպիսի ջերմաստիճանի, որը 6 անգամ գերազանցում է արեգակնայինը: Իսկ ի՞նչ է կատարվում դրա ներսում: Երկու փոքր ատոմները միանում են և կազմում ավելի խոշոր ատոմ: Արդյունքում արձակվում է էներգիա: Պարզ ու հեշտ է թվում, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ այդ երկու ատոմները դրական լիցքեր ունեն և վանում են միմյանց:

Աստղերի հսկայական չափսերը մեծ ճնշում են ստեղծում դրանց միջուկներում և օգնում լուծել վերոհիշյալ խնդիրը: Ատոմները ստիպված են լինում մոտենալ իրար, և նրանց միացման հավանականությունը մեծանում է, սակայն Երկիր մոլորակի վրա նման ճնշման պայմաններ ստեղծել, ցավոք, հնարավոր չէ, քանի որ չկան համապատասխան տեխնոլոգիաներ:

Բարեբախտաբար, կա այլ ճանապարհ: Ջերմամիջուկային էներգիա հնարավոր է ստանալ նաև բարձր ջերմաստիճանի միջոցով: Եվ սա հենց այն է, ինչն անում են այնպիսի սարքերը, ինչպիսին է EAST-ը: Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ են շարժվում ատոմները, և մեծանում է հավանականությունը, որ նրանք կբախվեն:

Որպեսզի գործընթացն անշեղ լինի, հարկավոր է հետևել ջերմաստիճանի բալանսին: Էներգիայի սինթեզի համար կատարյալ ջերմաստիճանը շուրջ 100 միլիոն աստիճան Ցելսիուսն է, ինչը 6 անգամ ավելի տաք է Արևի միջուկից:

Պատմության մեջ միայն մի քանի փորձերի ընթացքում են կարողացել նման ցուցանիշներ գրանցել, և դրանցից վերջինը EAST ռեակտորի միջոցով է կատարվել: Անջատվելուց առաջ այն շուրջ 10 վայրկյան միջուկային սինթեզ է կատարել: Եվ չնայած որ սա հրաշալի նորություն է, EAST-ը դեռ շատ հեռու է մարդկանց համար կայուն էներգիա ստեղծելուց:

Սակայն հենց դա էր ուսումնասիրության նպատակը: EAST-ը փոքրիկ փորձարարական ռեակտոր է, այլ ոչ լիարժեք էլեկտրակայան: Այժմ դրա նպատակը մարդկությանն օգնելն է միջուկային սինթեզի առավել արդյունավետ տեխնոլոգիաներ մշակել, որոնք կկարողանան էներգիայով ապահովել ամբողջական քաղաքների:

Նման սարքերի աշխատանքի համար շատ էներգիա է հարկավոր ծախսել: Օրինակ՝ EAST-ի թեստավորումը պահանջել է օգտագործել ավելի քան 10 Մվտ էներգիա, որը կբավականացներ մեկ տարվա մեջ 1,640 տան սպասարկմանը:

Արժի՞ արդյոք այդքան էներգիա ծախսել: BusinessInsider-ը գտնում է, որ անկասկած, չէ՞ որ ջերմամիջուկային ռեակտորները գրեթե չեն արտադրում ռադիոակտիվ թափոններ՝ համեմատած ժամանակակից ատոմային էլեկտրակայանների հետ: Բացի դրանից՝ դրանք կարող են աշխատել նաև ծովի ջրի հիման վրա:

Օրինակ՝ Էրի լճի արտաքին շերտի ջուրը բավարար է ավելի շատ էներգիա ստանալու համար, քան կտան արդյունահանվող վառելիքները, որոնք մնացել են Երկրի ընդերքում: Ավելին՝ անհրաժեշտ չի լինի քամու կամ արևի ճառագայթման առկայությունը: